«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր տարածաշրջանում Թուրքիան է համարվում այսպես կոչված «Արևմուտքի մարդը» և նրա շահերի սպասարկողը․դոցենտ, պ․գ․թ․ Գրիգոր Բալասանյան

08/07/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Գրիգոր Բալասանյանը

- ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների շարքում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել հարևան երկրների հետ փոխհարաբերությունների կարգավորման և զարգացման հարցը։ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման, համագործակցության մթնոլորտի և կայուն զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովման հիմնահարցերը այսօր առավել, քան երբևէ, օրակարգային են մեր պետության համար, ուստի ներկայումս խորացող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ֆոնին փորձենք հասկանալ Իրան-Վրաստան-Հայաստան համագործակցության միտումներն ու հնարավորությունները։ Պարոն Բալասանյան, տասնամյակեր շարունակ համագործակցության վերոնշյալ ձևաչափը կարծես եղել է օրակարգում,  ի՞նչն է խանգարել Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի զարգացմանը։
- Այո, ճիշտ նկատեցիք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն կարող էր ունենալ Իրան-Հայաստան-Վրաստան տնտեսական հնարավոր առանցքը: Մի քանի ոլորտներում մենք համագործակցում ենք միմյանց հետ: Դա վերաբերվում է էներգետիկ ոլորտին, Պարսից ծոցից Սև ծով ճանապարհային միջանցքին: Սակայն հարաբերությունների չխորացման վրա ազդում են մի քանի գործոններ: Նախևառաջ դա այն միջազգային պատժամիջոցներն են, որոնք միջազգային հանրությունը ԱՄՆ նախաձեռնությամբ սահմանել են Իրանի նկատմամբ՝ կապված վերջինիս միջուկային ծրագրի հետ: Սա քննարկման առանձին թեմա է, բայց և այնպես Վրաստանը և Հայաստանը շատ հաճախ Իրանի հետ տնտեսական հարաբերություններ կառուցելիս սահմանափակված են նաև այս պատժամիջոցներով: Հաջորդ պատճառը դա թուրք-ադրբեջանական տանդեմն է, որն իր հսկայական ֆինանսական ներդրումներով կարողացավ հասնել նրան, որ Վրաստանն այսօր շահագրգռված չէ Իրանի և Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ, կամ էլ զրկված է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից:

- Տարածաշրջանային գործընթացների առավել ամբողջական պատկեր ստանալու համար կխնդրեի հակիրճ անդրադառնալ նաև Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցությանը և ՀՀ համար դրանից բխող հետևանքներին։ 
- Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը բավականին ինտենսիվ զարգանում է: Այս համագործակցության թիկունքում կանգնած է բովանդակ Արևմուտքը, որն ունի իր աշխարհաքաղաքական շահերը: Նա չի կարող թույլ տալ Վրաստան-Իրան համագործակցության ակտիվացում, քանի որ դրանով, ինչպես արդեն նշեցի, Իրանը դուրս է գալու միջազգային մեկուսացումից և հնարավորություն է ստանալու իր էներգետիկ ռեսուրսները Հայաստանի և Վրաստանի վրայով արտահանել Եվրոպա: Բացի այդ, ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ համագործակցության խորացումը կարող է հանգեցնել նաև Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման, իսկ դա չի բխում Արևմուտքի շահերից: Չմոռանանք, որ մեր տարածաշրջանում Թուրքիան է համարվում այսպես կոչված «Արևմուտքի մարդը» և նրա շահերի սպասարկողը: Նշեմ նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը ոչ բոլորն են ընդունում Վրաստանում: Այնտեղ ևս սկսում են հասկանալ այդ խորացման վտանգավորությունը իրենց պետության և պետականության համար:

- Պարոն Բալասանյան, խնդրում եմ լուսաբանեք Իրան-Հայաստան-Վրաստան ձևաչափում համագործակցության զարգացման գործում Երևանի, Թեհրանի ու Թբիլիսիի շահագրգրռության պատճառները՝ առանձին-առանձին ։
- Ես արդեն նշեցի, որ Վրաստանի հետ համագործակցության խորացումը հնարավորություն կտար Իրանին արտահանել իր գազը դեպի եվրոպական շուկաներ: Հայաստանի շահագրգռվածությունը կայանում է նրանում, որ Հայաստանի տարածքով է անցնում Պարսից ծոցը Սև ծովին կապող ամենակարճ ցամաքային ճանապարհը և այդ տրանզիտից մեր երկիրը մեծապես կարող է շահել: Բացի այդ, մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանը դուրս գա թուրք-ադրբեջանական ազդեցությունից կամ գոնե այնտեղ թուլանա այդ ազդեցությունը: Վրաստանի համար տնտեսական օգուտներից բացի, Իրանի և Հայաստանի հետ համագործակցության խորացումը կազատի նրան թուրքական ազդեցությունից, ինչն ունի նաև քաղաքակրթական նշանակություն՝ հաշվի առնելով, որ հատկապես մահմեդական Աջարիայի հատվածում ուժեղանում է թուրքական կրոնական, տնտեսական ազդեցությունը: Սա Վրաստանի ազգային անվտանգության տեսանկյունից ևս լուրջ սպառնալիք է, ինչը պետք է մտահոգի պաշտոնական Թբիլիսիին:

- Ունե՞նք արդյոք համապատասխան իրավական և պայմանագրային հենք՝ ակնկալելու ոչ միայն երկկողմ՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, այլ հենց եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցության հետագա զարգացում և ոլորտային ընդլայնում։
- Իհարկե, որոշ ուղղություններով կան ստորագրված պայմանագրեր, որոնք վերաբերվում են տնտեսական առանձին ոլորտների: Սակայն գլոբալ առումով դա բավարար չէ և այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել:

- Ի վերջո, կուզեի խոսեիք նաև այն մասին, թե ներկա պայմաններում ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանում նշված պետությունների՝ միմյանց հետ երկարատև գործակցելու <<ապագան>>՝ հաշվի առնելով տեսանելի և անտեսանելի խոչընդոտները։
- Ներկա փուլում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական առկա լարված վիճակը, Հայաստան-Վրաստան-Իրան համագործակցության զարգացման մասին թերևս անհնար է խոսել: Իհարկե, Հայաստանն ու Իրանը զարգացնում են իրենց համագործակցությունը, սակայն, անշուշտ, այն ունի մեծ պոտենցիալ: Այս փուլում Վրաստանի միացումը այս համագործակցությանն այնքան էլ իրական չեմ համարում, չնայած այն հսկայական օգուտ կարող է բերել վրաց պետությանը: Կարծում եմ տարածաշրջանում այս և նմանօրինակ առանցքների զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայում և ողջ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներից:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am