«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փրկությունը նորից սկիզբ է առնելու բանակից ու բանակի հզորացումից. Արցախում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, պահանջում են դավաճանների հրաժարականը

26/02/2021

Մինչ Երևանում պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արցախցիները ևս հեռվից, բայց նույն պահանջով հավաքվել էին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում։ Հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ կոչ էր արել հավաքվել՝ սատարելու Հայրենիքի փրկության շարժմանն ու հայրենակիցներին, քաղաքացիներ հավաքվել ու անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Այս քայլով ցույց են տվել, որ սատարում են հայրենիքի փրկության և ՀՀ Զինված ուժերին, պահանջում են դավաճանների հրաժարականը։

Լալայանի փոխանցմամբ՝ իրենց առաջին պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նրա իշխանության օրոք կորցրեցին այն ամենը, ինչը ձեռք էին բերել 30 տարիների ընթացքում։

«Մեր պետականությունը ամբողջությամբ հայտնված է վտանգի տակ։ Մենք կանգնած ենք պետականություն կորցնելու շեմին, ոչ թե միայն Արցախը, այլ ընդհանրապես՝ պետականություն կորցնելու՝ Հայաստանը ու Արցախի եղած պատառիկը կորցնելու շեմին»։

Արցախցիներն իրենց համերաշխությունն են հայտնել հայոց բանակին։ Իսկ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնությունը Լալայանը բացահայտ լկտիություն գնահատեց բանակի հանդեպ։ Լալայանը պնդում է՝ անկախ ամեն ինչից, անկախ կուսակցական պատկանելիությունից իրենք կանգնած ենք բանակի կողքին՝ վստահեցնելով փրկությունը նորից սկիզբ է առնելու բանակից ու բանակի հզորացումից։

«Մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ծառայել են զենքը ձեռքին՝ հայրենիք են պաշտպանել, ենթարկվում են դեզերտիրի կողմից նվաստացումների»։

Հասարակական-քաղաքական գործիչը նշեց, որ կցանկանային Երեւանում մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հավաքներին, բայց դա այսօր անհնար է, ուստի ինքնաբուխ հավաքով են որոշել ցույց տալ, որ հայրենակիցների հետ են ու պահանջում են «դավաճանների հեռացումը»։ Վերահաստատեց՝ ազգ-բանակ-պետություն կարգախոսով պետք է նորից վերակենդանացնեն պետականությունը։

Լալայանը նշեց, որ չի համարում, թե Արցախի նախագահն այս պահին ինչ-որ որոշում է կայացնում։

«Նախ, խոստովանենք ու ընդունենք իրականությունը, որ Արցախը իր սահմաններով որպես այդպիսին էլ չկա։ Կա 20 տոկոսանոց ինչ-որ հատված։ Չկա Սահմանադրությունը, որն ընդունվել է նախկին սահմանների օրոք։ Երկու հայկական պետությունների 30 տարվա պատմության մեջ որոշումներն ընդունվում են հիմնականում Հայաստանում ու այստեղ ընդամենը կատարում են։ Այսինքն, ինչքան էլ մենք Արայիկ Հարությունյանից ինչ- որ բան պահանջենք, մենք գիտենք, որ խնդիրը ոչ թե Ստեփանակերտում է, այլ Երևանում, դրա համար մենք միանգամից պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, որից հետո ազգային ուժերի՝ իշխանության գալով կունենանք նորմալ շարունակություն։ Մենք խնդիրը պետք է վերացնենք իր ծագման տեղով»։

Լալայանը տեղեկացրեց, որ վաղը ևս հանդիպում է նախատեսված ժամը 15։00-ին։ Շատերն ուզում են գալ Երեւան, սակայն չգիտեն ինչպես կհաջողվի հաղթահարել խոչընդոտները։