«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կկնքվի արդյոք հայ – ադրբեջանական պայմանագիրը. Աշոտ Ներսիսյան

23/05/2023

Երեկ, մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86․600 քառ․ կմ վրա, համաձայն Ալմաթայի հռչակագրի, իսկ Ադրբեջանն էլ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․800 քառ. կմ վրա։ Ամենացավալին այն էր, որ Ադրբեջանի հիշյալ տարածքի մեջ ներառվում է նաև Արցախը։
Հիշատակվեց նաև 1975թ․ ԽՍՀՄ մի քարտեզի մասին, համաձայն որի Ադրբեջանն ունեցել է այդքան սահաման։ Զերծ մնալով այն հարցի քննարկումից, թե Ալմաթայի հռչակագրով Արցախի` Ադրբեջանի մաս կազմելը որքանով է մոտիկ իրականությանը, և նաև այն հարցից, թե ինչու՞ պետք է կործանված պետության ժամանակ ընդունված սահմաններով անկախություններ ճանաչենք, կցանկանայինք պարզապես շեշտել, որ Փաշինյանի այս հայտարարությունը, դժվար թե իրականություն դառնա։
Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ՀՀ տարածքներն հիշյալ սահմաններով ճանաչելու մասին, բայց գործնականում դուրս չի գալիս իր բռնազավթած ՀՀ տարածքներից։ Նման հայտարարությունը ներկայումս Արևմուտքի կողմից ուղղորդված սադրանք պետք է համարել, որն Արցախի խնդրից ՀՀ ձերբազատվելու դեպքում կարող է ենթադրել նոյեմբերի 9 – ի համաձայնագրի Ադրբեջանի կողմից չեղարկելու պահանջ, որն էլ տրամաբանորեն կարող է հանգեցնել վերջինիս մեկ այլ պահանջին՝ ռուս խաղապահներին հեռացնելու, որի դեպքում արցախահայությունը դեմ դիմաց մենակ կկանգնի Ադրբեջանի դեմ։ Այս դեպքում, եթե Արցախը զենքի դիմի կամ չկարողանա Ռուսաստանի հետ առանձին լեզու գտնել, որ տարածքից չհեռանա, /Ադրբեջանին ինտեգրվելու հարցը չենք քննարկում/, ապա ՀՀ –ից առանց վարանելու Արցախ կմեկնեն կամավորական ուժեր և իրավիճակը դուրս կգա իշխանությունների վերահսկողությունից։
Փաստորեն անկախությունների փոխադարձ ճանաչման մասին հայտարարությունները տեղի ունեցան այնպիսի պայմաններում, որ Ադրբեջանը մեր սահմաններից ներս է, այն դեպքում, երբ պետք է մեր կարծիքով հստակ պահանջ դրվեր գործնականում ապահովելու ՀՀ մինչպատերազմյան տարածքները, հետո նոր նման հայտարարություն արվեր։ Բացի այդ, խիստ ճշգրտման կարիք ուներ, թե Ալմաթայի հռչակագրի ընդունման ժամանակ ՀՀ փաստացի տարածքներն ինչքան էին։
Ինչ վերաբերում է Ալմաթայի հռչկագրին, որով ԽՍՀՄ-ից անջատված պետությունները անկախ են դառնում իրենց սահանաների վրա, ապա միթե՞ կարելի է դրան լուրջ նշանակություն տալ, երբ առաջինն այն խախտել է, օրինակ Ռուսաստանը, որը հօգուտ իրեն Վրաստանից գրավել է հայտնի տարածքները, այժմ նույնն է անում Ուկրաինայում։ Այսինք, ստացվում է, որ այդ հռչակագրին հավատարմությունը հենց մե՞նք պետք է առաջինը հայտնած լինեինք։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա այն այդ հռչակագրից առաջ, ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային բոլոր իրավունքներին համապատասխան ինքնորոշվել էր և ամենևին մաս չէր կազմում Ադրբեջանին։
Արցախի խորհրդարանն արդեն հանդես է եկել հստակ հայտարարությամբ, որով դատապարտել է Փաշինյանի նման որոշումը, որն իհարկե դեռևս պայմանագրային ձևակերպում չի ստացել և դժվար էլ ստանա։ Փաշինյանի այս որոշումը մեզ հիշեցրեց Քոչարյանի ժամանակ տեղի ունեցած բանակցությունները ընդհանուր պետության մասին, որով Արցախը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախն արդյո՞ք նորից կգնա այսպիսի ընտրության։ Չենք կարծում։ Բայց այս իրավիճակում, երբ նաև այնտեղ ներիշխանական պայքար է գնում, որևէ մեկի հաղթանակի դեպքում, ինչպիսի քաղաքականություն պետք է որդեգրվի հաղթողի կողմից։
Մեզ երեք տարբերակ է ուրվագծվում՝
ա/ պատերազմ Ադրբեջանի դեմ,
բ/ բանակցություններ իրավունքների և անվտանգության համար, որոնք չեն կարող արգասաբեր լինեն առանց միջնորդի կամ մինչև բանակցությունների ավարտը խաղաղապահների ներկայությամբ,
գ/Արցախի հայաթափում։ Այս երեք տարբերակներն էլ մոտ ժամանակներս չեն իրականանա։
Խաղաղության պայմանագիրն այս սահմաններով դժվար թե ստորագրվի, որովհետև Ադրբեջանը իր իսկ կողմից սահմաններ ճանաչելու հայտարարության օրը, դրանից առաջ կամ հետո, շարունակում է կրակել։ Ինչպես 1998թ․ հետո բոլոր բանակցությունների ժամանակ, նա միշտ հետաձգել է պայմանագրի կնքումը։ Կզոհե՞ն արդյոք ռուսները Արցախը, խաղապահներին դուրս հանելով այնտեղից։
Դժվար է վերջնական եզրահանգում կատարել։ Բայց մի բան ակնհայտ է, որ դրանով նրանք կուժեղացնեն Արևմուտքի ազդեցությունը այս տարծաշրջանում։ Այնուամենայնիվ, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այժմ մենք ոչ մի հզոր խաղացողի համակրանքը չենք վայելում։ Արցախը նվիրաբերելով ակնկալել Ադրբեջանի կողմից ՀՀ 29․800քառ կմ վրա ճանաչում այս պահին իրատեսական չենք համարում։
Դժվար է պնդել նաև, որ Փաշինյանն ու Ալիևը կհասնեն այս սահմաններով պայմանագրին։ Մենք այս իրավիճակից դուրս կարող ենք գալ, եթե Ռուսաստանը պահպանի Արցախում ստատուս քվոն, կամ էլ ապավինենք սեփական բազկին։ Մի բան, որն համենայն դեպքս մեր իշխանության ծրագրերի մեջ չի մտնում և նաև խիստ հակասական վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ։

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյան