«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է ռուսական կողմին Արցախում սահմանային իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու մեջ

25/11/2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները՝ չնայած նրան, որ ադրբեջանական կողմը, ըստ հաղորդագրության, «Ղարաբաղի տնտեսական գոտու բնակավայրերի ցանկը և քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններով, պաշտոնապես տրամադրել է ՌԴ ՊՆ-ին, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկա հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական միացյալ մոնիթորինգի կենտրոնին»։

Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեջբերում է ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ 2022թ․ նոյեմբերի 24-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով Մաղավուզ բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե իբր բնակավայրի անունը ոչ թե Մաղավուզ է, այլ Չարդաղլը և հերքում հրադադարի ռեժիմը խախտելու մասին ռուսական կողմի հաղորդագրությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև մեղադրում է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։

«Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի տեղանունները և լրջորեն ճնշել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։