«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդյո՞ք կառավարությունում քննարկվում է Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի պետի պարզաբանումը

28/10/2025

Կառավարության օրակարգում է Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը, և դուք այսօր էլ տեսնում եք հատիկ առ հատիկ Հայաստանի Հա՛նրապետության վերադարձվող գույքերը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարությունում քննարկվում է Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը։

«Բոլոր այն դեպքերում, որի ժամանակ, որի շրջակայքում թույլատրվել են օրենսդրական խախտումներ, այդ բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրության առարկա դառնան և դառնում են, անկախ դրանից, թե ինչ գույքի է դա վերաբերում։ Այլ հարց է, որ մենք պետք է կարգավորենք օրենսդրական խնդիրները, որոնք նախկինում թույլ են տրվել և դրանից հետո արդեն առանձին-առանձին որոշումներ կկայացվեն»,–ասաց նա։

Հարցին՝ եթե Եկեղեցուց գույքեր վերցվեն, դրանքի՞նչ են անելու, կցվելու են պետական գույքի կոմիտեի՞ն, Սուրեն Թովմասյանը պատասխանեց. «Երբ դուք այդ հարցը տալիս եք, որևէ նման դեպք այս պահի դրությամբ ձեզ հայտնի՞ է։ Ես չեմ կարող ասել, դիմեք լիազոր մարմնին, կասեն, թե եկեղեցին ինչ կանեն»։

Ինչ վերաբերում է նրան, թե եկեղեցականներից, հոգևոր սպասավորներից շա՞տ են մարդիկ, որոնք գույքեր ունեն մասնավորապես ապօրինի ծագման, օրինակ, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գույքի օրինականությունը վիճարկվում է դատարանում, Կադաստրի պետն ասաց. «Ես տեղեկատվություն չունեմ եկեղեցականների վերաբերյալ։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, աշխատավայրը, որպես այդպիսին, կադաստրի կոմիտեին հայտնի չէ։ Աշխատավայրերի վերաբերյալ կադաստրի կոմիտեում ինֆորմացիա չկա այս պահի դրությամբ»։