«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աֆղանստանցիների մի մեծ խումբ ապաստան է գտել Վան քաղաքում․ «Ամերիկայի ձայն»

21/08/2021

Ներկա պահին Թուրքիայում գտնվող աֆղանստանցի փախստականներն ասում են, թե իրենց հայրենիքից փախուստի են դիմել թալիբներից իրենց կյանքը փրկելու համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Աֆղանստանցիների մի մեծ խումբ է ժամանակավորապես ապաստան գտել Վան քաղաքում: Ինչպես կանայք են ասում, իրենք այժմ չպիտի կարողանային այսպես հանգիստ նստել, այլ պիտի ամբողջովին ծածկված լինեին: Նրանց խոսքերով, թալիբները մեծաթիվ աղջիկների էլ ուղարկում են Պակիստան, ինչն իրենք հանդուրժել չպիտի կարողանային:
Մինչեւ այստեղ հասնելը, նրանք ստիպված են եղել քայլել երկար օրեր, Աֆղանստանից անցնելով դեպի Իրան, հետո` Թուրքիա: Այն, ինչ կատարվում է այսօր Աֆղանստանում, այստեղից դուրս եկած մարդկանց ստիպում է հավատալ, որ իրենք այլեւս երբեք չեն վերադառնա հայրենիք:
Փախստականների մեծ ներհոսքը կրճատելու նպատակով Թուրքիան այժմ կառուցում է Իրանի հետ մոտ 300 կիլոմետրանոց բետոնե պատ: Պատի կեսից ավելին արդեն կառուցված է: Այնպես որ, փակվում է նաեւ այս ուղին: Իսկ միթե՞ Թուրքիա հասնելով աֆղանստանցի փախստականները լուծում են իրենց բոլոր խնդիրները: Առաջին խնդիրն այն է, ասում են նրանք, որ իրենց կարող են ստիպողաբար վտարել երկրից, քանի որ չունեն այստեղ օրինական կերպով աշխատելու իրավունք:
«Այդ պատճառով մենք ստիպված ենք անել ամեն մի աշխատանք»,- ասում են գաղթական ու անտեսված այս մարդիկ: Ըստ Թուրքիայի իշխանությունների, այստեղ գրանցված է աֆղանստանցի 120 հազար փախստական: Այստեղ է գտնվում աֆղանստանցի մոտ 300 հազար անօրինական միգրանտ: Արդյո՞ք Աֆղանստանը մի օր կտեսնի երջանիկ կյանք, ինչին տասնամյակներով է երազում ու սպասում այս ժողովուրդը, թե պիտի շարունակի տառապել Արեւմուտքի ու ծայրահեղական իսլամի միջեւ: