«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. 3 օր է, Արաքսավան գյուղում էլեկտրաէներգիա չունեն

12/04/2021

Արդեն 3 օր է, Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչները հայտնվել են անօգնական վիճակում։ Այսօր՝ ապրիլի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղի բնակիչներն ասում էին.
«3 օր է, ողջ գյուղը հոսանքազրկվել է, պատճառը ոչ թե սպառված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներն են, գյուղը կանոնավոր վճարումները կատարում է, այլ այն, որ 3 օր առաջ ուժեղ քամու հետևանքով դաշտերով անցնող բարձր լարման էլեկտրասյուներից 8 հատը կոտրվել և շուռ են եկել։ 
Դիմել ենք թեժ գիծ, Արարատի մարզպետարան, անգամ վարչապետի աշխատակազմ, բայց՝ ոչ մի օգուտ։ Խանութներում միլիոնների հասնող մսամթերքը, կաթնամթերքը, պաղպաղակները, տորթերն ամբողջովին փչացել են։ Ո՞վ է փոխհատուցելու մեր կրած վնասը։ Խեղճ գյուղապետը 3 օր է՝ տեղը չի գտնում, առավոտից իրիկուն փորձում է հարցը կարգավորի, բայց անզոր է։ Էրեկ նորից զանգահարել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղ, մեզ ասում են, թե ճանապարհերը ցեխոտ են, ավտոն էդտեղով չի կարա գնա... լրիվ հեքիաթ։ Էսօր նոր «Արաքս» մասնաճյուղից բանվորների խումբ է եկել ու սկսել են աշխատանքներ կատարել։ Դա հարցի լուծում չի։ Մեր խնդրանքն ու պահանջն է, որպեսզի դաշտերի միջից տեղափոխեն դեռ Սովետի տարիներից եղած ու դարն ապրած էլեկտրասյուները և ճանապարհի եզրին տեղադրեն նոր բետոնե էլեկտրասյուներ, ինչը, վստահ ենք, 100 տարոց ավելի կշահագործվի։ Երջանիկ պատահականություն է, որ էլեկտրասյուների տապալման ժամանակ դաշտում գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս չեն եղել, թե չէ, չէր բացառվում, որ մարդկային կորուստներ լինեին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիները պատրաստ են, եթե հիմնովին չլուծվի հարցը, ապա դիմելու են կտրուկ ու ծայրահեղ միջոցների, քանի որ էլեկտրոցանցի քար անտարբերության պատճառով միլիոնների վնաս են կրել ու հոսանք չլինելու հետևանքով էլ ողջ գյուղը 3 օր է, նաև ջրի խնդիր ունի, քանի որ ջուրը սպասարկվում է «նասոսներով», իսկ եթե հոսանք չկա, բնականաբար, «նասոսները» չեն աշխատի։