«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկել է ձմռանը պատերազմի դեէսկալացիայի հարցը

08/09/2026

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ստիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայի և Կիևի հետ քննարկել են ձմռան ընթացքում ռազմական գործողությունների դեէսկալացիային ուղղված հնարավոր քայլերը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողների ջանքերը նախևառաջ ուղղված են եղել դիվանագիտական գործընթացի «ապաշրջափակմանը», սակայն նրանք ներկայացրել են նաև մի շարք նոր առաջարկներ։ «Կան գաղափարներ, որոնք վերաբերում են էներգետիկ օբյեկտներին, ցորենի մատակարարումներին, ինչպես նաև նավթի ու գազի արտահանմանը», — Axios-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ Ռուսաստանը, ինչպես և նախորդ տարիներին, ծրագրում է աշնանային-ձմեռային ժամանակահատվածում ակտիվորեն հարվածել ուկրաինական էներգետիկային՝ Կիևին զիջումների մղելու նպատակով։ Այնուամենայնիվ, Զելենսկին կարծում է, որ Վլադիմիր Պուտինը «չի ցանկանում հիասթափեցնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և «պատրաստ է քննարկել» խաղաղ բանակցությունների առաջմղմանն ուղղված գաղափարները։ Ուկրաինայի ղեկավարը հայտնել է առաջիկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ևս մեկ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։ «Մենք ունենք սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփը կարող է ճանապարհ գտնել բանակցային գործընթացն իրապես սկսելու համար՝ նախքան ցուրտ ձմռան վրա հասնելը», — եզրափակել է Զելենսկին։