«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-Հայաստան միջուկային համաձայնագիրը և Վաշինգտոնի ազդեցության ընդլայնման նոր քայլը Հարավային Կովկասում

11/02/2026

Թուրքական «Medyascope» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրին՝ այն գնահատելով որպես Վաշինգտոնի ռազմավարական քայլ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ։ Հոդվածում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ստորագրած փաստաթուղթը միտված է Երևանի հետ հարաբերությունների խորացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտում ռուսական կախվածության նվազեցմանը։

Ըստ հրապարակման՝ երկար տարիներ Ռուսաստանից և Իրանից էներգետիկ առումով կախված Հայաստանը ծրագրում է կառուցել նոր ատոմակայան՝ փոխարինելով խորհրդային շրջանում կառուցված և շահագործման ավարտին մոտեցող Մեծամորի ԱԷԿ-ը։ Չնայած քննարկվում են տարբեր երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի առաջարկները, ստորագրված համաձայնագիրը դիտարկվում է որպես ամերիկյան միջուկային նախագծերի համար ճանապարհ բացող կարևոր փուլ։ «Medyascope»-ը նաև ընդգծել է Մոսկվայի զգայուն արձագանքը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է իր ավանդական ազդեցության գոտի, իսկ ԱՄՆ-ի ակտիվացումը տարածաշրջանում կարող է նշանակել այդ ազդեցության էական նվազում։ Հոդվածի վերջում շեշտվում է, որ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան պատմական է, քանի որ այն առաջին պաշտոնական այցն է գործող ԱՄՆ փոխնախագահի կողմից։     
https://medyascope.tv/2026/02/10/abd-ermenistan-nukleer-anlasmasi-ne-anlama-geliyor/