«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սա բողոքի ձև չէ, կեղծ ակտիվիզմ է, մեծ աղմուկ, զրո արդյունավետություն». քաղաքագետը՝ ՀԱՊԿ քվոտայից հրաժարվելու Հայաստանի որոշման մասին

10/03/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ արտգործնախարարությունից հաստատում են, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, ի՞նչ է այն տալու Հայաստանին։

– Իմ կարծիքով՝ նման որոշումներով վերաբերմունք չես արտահայտում, որովհետև կա՛մ ՀԱՊԿ-ի անդամ ես ու այնտեղ բոլոր գործիքներն օգտագործում ես, կա՛մ քաղաքական որոշում ես ընդունում, որ ինչ-որ պատճառով ՀԱՊԿ-ում սառեցնում ես անդամությունդ, կա՛մ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից։ Այս կարգի տեխնիկական որոշումները, որոնք իշխանությունը բերելու է ու օգտագործելու Հայաստանի քարոզչական դաշտում, վստահեցնում եմ, չեն փոխելու ո՛չ ՀԱՊԿ-ի վերաբերմունքը մեր հանդեպ, ո՛չ ռուսներին ստիպելու է կորցնել իրենց քունը սրա պատճառով, ո՛չ էլ Արևմուտքը մեզ քաղցր բլիթներ է մեզ բաժանելու այս որոշման համար։ 

Ոչինչ չասող տեխնիկական մի որոշում է, որը թույլ կտա, որ Նիկոլ Փաշինյանն ու իր արևմտամոլ շրջապատը խոսեն իրենց «հերոսական հաղթանակի» մասին, թե հրաժարվել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից, սովորական քաղաքացին չէր էլ իմանա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն կա, որը քվոտայով պատկանում է Հայաստանին, մի հատ էլ Հայաստանը դրանից հրաժարվում է։ Եթե ՀԱՊԿ-ից սկզբունքային դժգոհություններ ունեք, շատ ավել ճիշտ կլիներ, որ ժամանակավորապես սառեցնեիք անդամակցությունը, սա ոչ թե իմ տեսակետն է, այլ բողոքի արտահայտման ձևն եմ ասում։ 

– Այսինքն՝ սա բողոքի ձև՞ է, որ Հայաստանն արտահայտում է ՀԱՊԿ-ի նկատմամբ։

– Չէ՛, դա բողոքի ձև չէ, կեղծ ակտիվիզմ է, որը ենթադրում է մեծ աղմուկ, զրո արդյունավետություն։ Իհարկե, իրենք սա կներկայացնեն որպես սկզբունքայնության ու բողոքի դրսևորում։

– Իսկ ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ է ունենալու այս որոշումը։

– Ընդհանրապես որևէ հետևանք չի ունենալու։ Ես մասնագիտությամբ քաղաքագետ եմ, ու հենց նոր իմացա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն կա։ Հավանաբար այնտեղ մի քանի տասնյակ այլ հաստիքներ էլ կան, հարցն այդ չէ, բայց մինչև հիմա դուք լսե՞լ եք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հայտարարություն, երևի չէ, հետևաբար, ո՞նց կարող է այդ պաշտոնից հրաժարումն ինչ-որ մեծ հետևանքներ ունենալ։ Ոչ մի հետևանք էլ չի ունենալու։

– Պարո՛ն Սուրենյանց, ճի՞շտ եմ հասկանում, որ այս որոշման նպատակը ներքաղաքական դիվիդենտներ շահելն է։ 

– Այո՛, իշխանության փիառի համար հերթական գործիք են ստեղծել։ Հենց իրենք են կազմակերպել արտահոսքը, որին հետևել է ԱԳՆ խոսնակի հետ հարց ու պատասխանը, ու ինտենսիվորեն տարածվում է այն։

– Բայց արտաքին քաղաքականություն վարել ներքին լսարանի պահանջները բավարարելու կամ ինչ-ինչ դիվիդենտներ շահելու համար՝ որքանո՞վ է ճիշտ ու արդյունավետ։

– Կործանարար է, ոչ թե ճիշտ կամ արդյունավետ է, այլ կործանարար է, որովհետև արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի անվտանգային միջավայրի բարելավմանը ու այն չի կարելի իրականացնել լայքերի, ծափողջույնների համար։ 

Այսպիսի մի ավանտյուրիզմ այս իշխանությունն արել է, երբ որ նախապատերազմյան շրջանում լայքեր կամ Ստեփանակերտի հրապարակում ինքնամոռաց ծափեր լսելու համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն է ու վերջ», կամ ասում էր՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում եմ։ 

Այսինքն՝ նման փորձի համար մենք արդեն մեկ անգամ շատ թանկ ենք վճարել, բայց իշխանությունն էլի ինչ-որ բան անելուց առաջ մտածում է ներսում դիվիդենտներ, լայքեր կամ ծափեր չկորցնելու մասին։ 

Ունենք մի իշխանություն, որը ֆեյսբուքյան ու յութուբյան լայքերի և դիտումների լոգիկայից դուրս չի եկել։ Եթե հրաժարվել էին այս պաշտոնից, կարող էին անաղմուկ անել, կամ երբ մի օր այդ խնդրին անդրադառնալու հարկ լիներ, շատ զուսպ նշեին այդ մասին, անցներ-գնար այդ թեման։

– Հայաստանը հիմա միջազգային խաղացողների աջակցություն վայելո՞ւմ է, թե՞ ոչ, լինի ռուսական կամ արևմտյան կողմի աջակցություն։

– Եթե մենք աջակցություն վայելեինք, առնվազն Լաչինի միջանցքը հիմա բաց կլիներ, կա՛մ առնվազն Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացրած տարածքներն ազատագրված կլինեին, կա՛մ բանակցությունների օրակարգում Հայաստանի դիրքերն առաջնային կլինեին։ 

Մենք տեսնում ենք լրիվ հակառակը․ Ադրբեջանը մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում, ո՛չ Մոսկվան, ո՛չ Արևմուտքը դրան չեն հակազդում, հետևաբար խոսել արտաքին որևէ աջակցության մասին՝ ծիծաղելի է: Մեզ երբեմն կարեկցում են, իսկ կարեկցելն ու աջակցելը բոլորովին այլ բաներ են։

MediaLab.am