Գերմանիայում գտնվող եվրոպական ամենախոշոր սպանդանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման հարյուրավոր դեպքեր են գրանցվել

Գերմանիայի արևմուտքում գտնվող և Եվրոպայում ամենախոշորներից մեկը համարվող Tönnies ընկերության սպանդանոցում կորոնավիրուսի նոր բռնկում է գրանցվել, հայտնում է korrespondent.net կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Գյուտերսլո շրջանի իշխանությունները Ռեդա-Վիդենբրյուկ քաղաքում տեղակայված ձեռնարկության մոտ 1000 աշխատակցից կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են վերցրել։ Հունիսի 17-ի դրությամբ պատրաստ է եղել 590 թեստի պատասխան, որից 395-ը դրական է եղել։ Օրվա ընթացքում աշխատակիցների միջև վարակակիրների թիվը հասել է 657-ի։

Գյուտերսլո շրջանի ղեկավար Սվեն-Գեորգ Ադենաուերը ենթադրում է, որ մնացած թեստերի պատասխանները նմանատիպ կլինեն։

Նշվում է, որ Tönnies ձեռնարկության բոլոր վարակակիր աշխատակիցներին ուղարկել են երկշաբաթյա կարանտինի, նրանց մեծ մասի մոտ հիվանդությունը որևէ ախտանշաններով չի արտահայտվում։ Կազմակերպությունն աշխատանքը դադարեցրել է երկու շաբաթով։

Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Գյուտերսլո շրջանի իշխանությունները որոշում են կայացրել մինչև հունիսի 26-ը կրկին դադարեցնել դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը։

Ընկերության ղեկավարները ենթադրում են, որ վարակը կարող էին բերել այն աշխատակիցները, որոնք սահմանափակումների չեղարկումից հետո իրենց ընտանիքներին և հարազատներին այցելության էին մեկնել։ Հայտնի է, որ այս սպանդանոցի աշխատակիցների մեծ մասը ծնունդով Արևելյան Եվրոպայից է։

Ընկերության տնօրինության համաձայն՝ մայիսի 10-18-ն անցկացված թեստերի արդյունքում 6400 աշխատակցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։

Աղբյուրը` Tert.am