«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է չորս անձ

26/08/2022

Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է չորս անձ:

Այս մասին տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից:

«Ինչպես հաղորդվել էր Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից,  օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ:

Նկարագրված դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, ձերբակալվել է չորս անձ, ովքեր կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պայթյունների հետևանքով ֆիզիկական անձինք չեն տուժել, գույքային վնասի չափը պարզվում է, նշանակվել են փորձաքննություններ: