«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Չեմ բացառում, որ իշխանությունը Արցախը կթողնի Ադրբեջանի կազմում, որովհետև Ադրբեջանի հինգ կետերով կարմիր թելի նման ձգվում է այդ միտքը». Բենիամին Պողոսյան

04/04/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

 Պարո՛ն Պողոսյան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կկայանա Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից:

– Կարծում եմ՝ կողմերն ավելի կհստակեցնեն իրենց դիրքորոշումները այդ խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքների կամ դրույթների վերաբերյալ: Արդեն հինգ կետ կա, որի շուրջ կողմերի դիրքորոշումները համընկնում են: Հայաստանը բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ իր համար այդ կետերն ընդունելի են:

Հայաստանը նաև խոսում է Արցախի խնդրի մասին, որ այնտեղ ապրող հայերի անվտանգության ու Արցախի կարգավիճակի հարցն իր համար կարևոր է, բայց չի նշվում՝ կարգավիճակ ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, ու չի նշվում, որ Հայաստանի համար ընդունելի չէ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակ կարող է լինել ցանկացած ինքնավարությունը՝ մշակութայինից մինչև այլ ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Երևի թե հայկական կողմը կփորձի հասնել նրան, որ Ադրբեջանը համաձայնի այս հինգ սկզբունքներից բացի դիտարկել նաև Արցախին Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավար կարգավիճակ շնորհելու, համաձայնելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն արդեն պետք է ընթանան վեց կետի շուրջ:

– Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մեկ պահանջ է ներկայացրել՝ զորքերի հայելային հետքաշում Երասխի ուղղությամբ, կարծում եք՝ Ադրբեջանը կընդունի՞ այս առաջարկը ու եթե ընդունի, դա որքանո՞վ է շահավետ լինելու հայկական կողմի համար:

– Այնքան էլ հասկանալի չէ՝ ի՞նչ ասել է հայելային հետքաշում, այսինքն՝ դա վերաբերում է ամբո՞ղջ՝ 100 կմ երկարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին, թե՞ միայն Երասխին կամ Սև լճին: Գուցե այս հարցերը կլուծվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում: Չգիտեմ՝ հարցերը շատ են, որոնք դեռ պատասխաններ չունեն կամ ունեն հակասական պատասխաններ:

– Այնուամենայնիվ, Բրյուսելում կողմերը որոշակի համաձայնության կգա՞ն, պարո՛ն Պողոսյան:

 – Բոլոր հարցերում՝ կասկածում եմ: Ճանապարհների ապաշրջափակման խնդիրն էլ կարծես թե սառեցված վիճակում է այսօր. Ադրբեջանը նորից պնդում է, որ եթե Սյունիքով անցող ճանապարհներին լինելու է հայկական վերահսկողություն, ապա իրեն ընդհանրապես այդ ճանապարհները պետք չեն, իսկ այդ պարագայում պետք է մոռանալ ապաշրջափակման մասին: Կփորձեն այս հարցում ևս հստակություն մտցնել:

 Իսկ որևէ փաստաթուղթ կստորագրվի՞ կողմերի միջև:

– Միանշանակ, հայտարարություն կլինի, դա կարող է լինել Շառլ Միշելի անունից, ինչպես եղավ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, կամ գուցե լինի եռակողմ հայտարարություն: Պայմանագիր կամ որևէ այլ փաստաթուղթ՝ չեմ կարծում, բայց հայտարարություն՝ պարտադիր կլինի:

 Ընդդիմադիր քաղաքական ուժերը պնդում են, որ գործող իշխանությունը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ձեր մոտ կա՞ այդպիսի համոզմունք կամ տպավորություն:

– Չեմ բացառում, որովհետև հայկական կողմի արած հայտարարությունը, որ Ադրբեջանի հինգ կետերն ընդունելի են, իսկ այդ կետերում կարմիր թելի նման անցնում է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ու այլ հարցեր, ու նշում է, որ իր համար կարևոր է արցախահայերի անվտանգության ու կարգավիճակի խնդիրը, իսկ այդ խնդիրները կարելի է շատ հանգիստ լուծել:

Արցախի այդ փոքր հատվածին, որը մնացել է, կտրվի մշակութային ինքնավարություն, և Ադրբեջանն էլ կխոստանա, որ երբ այնտեղ ապրող հայերը ստանան Ադրբեջանի անձնագիր, այնտեղ կհաստատվեն ադրբեջանական վարչակազմեր և այլն, ապա հայերին ոչ ոք չի սպանի: Այսինքն՝ հայկական կողմի պահանջները՝ անվտանգություն ու կարգավիճակ, հնարավոր է, գոնե թղթի վրա, կարգավորել՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:

 Պարո՛ն Պողոսյան, եթե իսկապես նման բան լինիԱրցախում հայեր կմնա՞ն:

– Բնականաբար ո՛չ: Դժվար թե գտնվի որևէ հայ, կարևոր չէ, թե որտեղ է բնակվում, որ համաձայնի ստանալ ադրբեջանական անձնագիր ու ապրել Ադրբեջանի կազմում, որքան էլ նրան խոստանան ապահովել բոլոր հնարավոր պայմաններով:

 Հայկական կողմը հնարավորություն ունե՞ր չընդունելու Ադրբեջանի հինգ կետերը, թե՞ դրա այլընտրանքը պատերազմն էր լինելու:

– Այն, որ հիմա Հայաստանին սպառնում են պատերազմով, փաստ է: Լայնածավալ պատերազմ Արցախում չի լինի, որովհետև եթե Ադրբեջանն ունենար այդ հնարավորությունը, արդեն սկսած կլիներ, պարզ է, որ զսպող օղակը ռուս խաղաղապահների ներկայությունն է: Հետևաբար, գոնե Արցախի մասով ասել, որ եթե դա չանեինք՝ պատերազմ կսկսվեր, տրամաբանական չէ:

Հայաստանի տարածքի մասով՝ Ադրբեջանը, այո՛, կարող է գնալ էսկալացիաների, բայց այս դեպքում պետք է ազնիվ լինել ու հայտարարել, որ մենք ոչ թե խաղաղության դարաշրջան ենք բացում, այլ մեզ պատերազմով ահաբեկելով՝ ստիպում են ստորագրել կապիտուլյացիա: