«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ-ադրբեջանական սահման իրավական առումով գոյություն չունի, չենք կարող ռուսներին պարտադրել, որ պաշտպանեն գոյություն չունեցող սահմանը. Փաշինյանի հերթական կեղծիքը

04/05/2021

Սահմանների համատեղ պահպանության համար պետք է լինի միջպետական պայմանագիր, որը գոյություն չունի: Պայմանագիր կա Սովետական միության արտաքին սահմանների պահպանության շուրջ, եթե այդ պայմանագրում ինչ-որ փոփոխություն տեղի ունեցած լիներ, կհայտարարվեր, բայց ես հստակ գիտեմ, որ որևէ փոփոխություն այդ պայմանագրում չկա: Հետևաբար, ներկա պահին սահմանների համատեղ պահպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի կարող իրականությանը համապատասխանել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ սահմանների պաշտպանությունը այժմ, ինչպես պատերազմից առաջ, իրականացնում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով:

Փորձագետի խոսքով՝ կարող է լինել բանավոր համաձայնություն Ռուսաստանի հետ, որ վիճելի տարածքներում իրենց ուժերը տեղադրեն, բայց խոսել սահմանների համատեղ պահպանության մասին, երբ չկա միջպետական պայմանագիր, հերթական դիլետանտիզմն է գործող վարչապետի կողմից.

«Եթե իսկապես նման համաձայնագիր կա, ապա լավ կանեն հրապարակեն, որ ծանոթանանք, իմանանք՝ ե՞րբ է կնքվել և ի՞նչ սահմանների մասին է խոսքը, որովհետև հայ-ադրբեջանական սահման իրավական առումով գոյություն չունի,մենք չենք կարող ռուսներին պարտադրել, որ պաշտպանեն մի սահման, որը գոյություն չունի կամ GPS-ով է գծվում: Սա ընդամենը գործող Կառավարության դիլետանտիզմի և միջազգային իրավունքի սկզբունքները չհասկանալու արդյունք է»,-ասաց Մանվելյանը:

Նրա խոսքով՝ միջպետական պայմանագիր չի կարող երկու շաբաթվա ընթացքում կնքվել, դա երկարատև և լուրջ աշխատանք է.

«Այլ բան է, որ ռուսները ստեղծված իրավիճակում, որպես բարի կամքի դրսևորում, քայլեր են ձեռնարկել, սահմանային որոշ մասեր վերցրել են իրենց պաշտպանության տակ, բայց կրկնում եմ, սա Ռուսաստանի բարի կամքի դրսևորման արդյունք է, իրավական որևէ փաստաթուղթ չկա»,-ասաց զրուցակիցը և հավելեց՝ «նման հայտարարությունները Կառավարությունը օկուպացրած անձանց կողմից երկրի ինքնիշխանությանը վերացման ուղղված քայլ է»:

Փորձագետի խոսքով՝ նման հայտարարություններով իշխանությունն ուզում է հանրությանը հանգստացնել, որ Ռուսաստանը մեր փոխարեն ապահովում է մեր անվտանգությունը.

«Ուզում են համոզել՝ Արցախը հանձնեցինք, բայց մնացածն ապահով է, ռուսները մեր փոխարեն ամեն բան կանեն: Սա շատ վտանգավոր է, պետությունն իր անվտանգությունը չի կարող ապահովել բանավոր կամ կարճաժամկետ համաձայնություններով: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը կարող են փոխվել:

Չգիտենք, մի քանի տարի հետո ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել, ռուսները կարող են ասել՝ լավ ինչ արել, արել ենք, մենք հեռանում ենք Հայաստանից: Այդ դեպքում ի՞նչ ենք անել, հույսներս ում վրա ենք դնելու»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Զրուցակիցն արձանագրում է, որ գործող իշխանության սխալների հետևանքով Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության հսկայական հատվածը։

«Երկրի վարչապետի ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ տեսեք՝ իշխանությունը, երկրի սահմանների պաշտպանությունը հանձնել ենք ռուսներին: Նույնիսկ ամենառուսամետ գործիչները նման քայլերի չեն գնացել, իսկ իրենք, լինելով երբևէ ամենահակառուսական իշխանությունը, իրենց դիլետանտության, սխալների պատճառով հասցրել են նրան, որ երկիրը կորցրել է իր ինքնիշխանությունը, սահմաններ պահելու իր կարողությունը»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի անվտանգային համակարգը պատերազմից հետո որպես այդպիսին գոյություն չունի , վերացել է նաև տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը, որը ստեղծվել էր Արցախյան առաջին պատերազմից և դրանից հետո ստեղծված ուժերի բալանսի արդյունքում.

«Սա արվել է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև՝ գործող իշխանությունների պատճառով: Ոչնչացրել են ոչ միայն անվտանգային համակարգը, այլ նաև երկրի ինքնիշխանությունը, Հայաստանը այսօր դարձել է Ռուսաստանից խորքային կախման մեջ գտնվող պետություն»,-ասաց Արմեն Մանվելյանը:

Դիտարկմանը, որ երբ պատգամավորները փորձում են բարձրաձայնել երկրի անվտանգային խնդիրների, սահմանային իրավիճակի մասին, Նիկոլ Փաշինյանը հակադարձում է նրանց, թե դրանով պատգամավորները տեղեկություններ են տալիս հակառակորդին, փորձագետն ասաց.

«Այն, որ մեր սահմանը կահավորված չէ, դա ադրբեջանական կողմը շատ հանգիստ տեսնում է, պատգամավորները չպետք է ասեն, նոր հակառակորդն իմանա: ԱԺ-ում հարցուպատասխանը փաստում է, երկրի թիվ մեկ պատասխանատուն ամենաանպատասխանատու անձն է՝ իր քայլերով, իր վարքով: Ես չեմ կարծում, որ իշխանությունը նպատակ ունի սահման կահավորել, կամ ինչ որ բան փոփոխել, իրենց միակ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը: