«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ սահմանային անցակետերում իրականացվում է հսկողություն, որպեսզի կապիկի ծաղիկ հիվանդության որևէ կասկածելի դեպք բաց չթողնենք. ԱՆ ներկայացուցիչ

16/06/2022

Երեկվա դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 1704 դեպք՝ 34 երկրներում: Հիմնական դեպքերն արձանագրվել են երիտասարդ տղամարդկանց շրջանում: Այս մասին այսօր ՀՀ առողջապահության նախարարության հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Դեպք է արձանագրվել նաև մեր հարևան Վրաստանում, ճիշտ է մենք գիտեինք կասկածելի դեպքի մասին և անընդհատ կապի մեջ էինք մեր վրացի գործընկերների հետ և երեկ էլ նրանցից տեղեկություն ստացանք, որ դեպքը բերովի է և դարձյալ երիտասարդ տղամարդ է վարակվածը»,- նշեց Պարոնյանն ու հայտնեց, որ իրենք իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ԱՆ ներկայացուցիչ Լուսինե Պարոնյանի խոսքով, համագործակցում են Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որը սահմանի անցման կետերում իրականացնում է հսկողություն.

«Նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, որովհետև կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ և 2-3 օրվա ընթացքում միանում է ցանը: Հիվանդության կոնկրետ այս բռնկման այս պահին մեզ հուսադրող նշանը ինչն է, որ բոլոր դեպքերը բացառապես ախտանշաններով են ուղեկցվել: Այսինքն, երբ մենք խոսում ենք, օրինակ քովիդի ժամանակ անախտանշան դեպքեր կարող են լինել, որոնք վարակակիր լինեն և կարող են վարակն այդպես լուռ փոխանցել, կոնկրետ այս դեպքում բոլոր դեպքերն ախտանշաններով են ուղեկցվել»,- նշեց Պարոնյանը: Նա ընդգծեց, որ հատկապես գերակշռում է ցանը, որի ուղղությամբ սահմանի անցման կետերում արդեն այսօր էլ ավելի իրազեկվել են՝ Բագրատաշենի, Բավրայի և հյուսիսային սահմանի աշխատակիցները, որպեսզի որևէ կասկածելի դեպք բաց չթողնենք: