«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետք է միավորել, հակառակ դեպքում, 2021 թվականը կլինի անկախ Հայաստանի վերջին տարեդարձը. Նարինե Մկրտչյան

20/09/2021

Հայաստանի անկախության դեմ քարոզչությունը սկսել է անկախության հանրաքվեից շաբաթներ անց, այն բազմապատկվել է երեքուկես տասնամյակ շարունակ՝ Հայաստանում ռուսական ազդեցության լրատվամիջոցներով, կրեմլյան ազդեցության և իրական գործակալներով, անկախականների դեմ անդադար պայքար մղելով, նրանց լուսանցք մղելով, արհամարհելով և մոռացության մատնելով:

Հայաստանի ձախողումների համար մեղքի թունավոր սլաքներն ուղղվում էին դեպի անկախությունը, որը մեղավոր էր ամեն ինչի համար՝ սոցիալ-տնտեսական կեղեքումների, անօրինականության և անպատժելիության, կոռուպցիայի և կեղծված ընտրությունների, վերջին պատերազմում Հայաստանի աղետաբեր պարտության: Աննկախությունը քարկոծվում էր շարունակ ու անդադար, նրան հարվածում էին մանրումեծ քարերով ու քարաբեկորներով:

Այդ քարոզչությունն ու պայքարն օրինաչափորեն պետք է տար իր թունավոր պտուղները: Հայաստանում քաղաքական պայքարը հաճախ նույնպես այս կամ այն չափով ուղղված է եղել անկախության դեմ:

Երեք տասնամյակ շարունակ անկախության դեմ այդ մահաբեր քարոզչությունն ու պայքարը դանդաղ սպանեց թե՛ անկախության գաղափարը, թե՛ անկախության նվաճումները և ի վերջո՝ բուն անկախությունը:

Անկախությունը վաճառքի էր հանված, իսկ քաղաքական փերեզակների պակաս չկար և չկա Հայաստանում: Հայաստանի անկախությունը վերջին արժեքն է, որը կարելի է վաճառքի հանել: Դրա համար էլ անկախության 30-րդ տարում մեր անկախության դեմ ոտքի ելած դահիճները փորձում են դա էլ վաճառել:

Մոսկվան գնեց մինչև անգամ նրանցից շատերին, ում համար Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ազատականությունը արժեքներ էին: Այժմ նրանք անկախության դեմ պայքարի առաջամարտիկներից են: Իսկ նրանք, ում համար Հայաստանի անկախությունն իրական անուրանալի և անսակարկելի արժեք է, նրանց կա՛մ ոչնչացրել են, կա՛մ լռելյայն սպանել, կա՛մ իրենք են հոգնել պայքարից:

Անկախությունը նվաճելն ու պահպանելը խիզախ, պատասխանատու, հեռատես և արժանապատիվ ազգերին առավելությունն է, և նրանց է տրված անկախությունը պահպանելու վեհությունը: Հայաստանում իրական քաղաքական պայքարը պետք է ուղղված լինի անկախության և ինքնիշխանության վերականգմանը: Եթե կա հանության նման հատված Հայաստանում և Սփյուռքում, ում համար անկախությունն անքննելի և բացարձակ արժեք է, ապա ցանկացած օտարահաճո իշխանություն գահընկեց է արվում, ցանկացած օտարահաճո ընդդիմություն հեռացվում է քաղաքական ասպարեզից:

Այդ հատվածին, եթե դեռ արթուն է, պետք է միավորել: Հակառակ դեպքում, 2021 թվականը կլինի անկախ Հայաստանի վերջին տարեդարձը: