«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում ազգային անվտանգության գաղափարախոսության մշակումը այլընտրանք չունի. պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան

19/10/2021

Մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում անվտան­գու­թյան խնդիրը դիտարկվել է որպես կարևորագույն նպատակ և համա­կող­մանիորեն ուսումնասիրվել է: Բնականաբար, անվտանգության հաս­կացությունը որոշակի զարգացում է ապրել, սակայն հիմքում անվտան­գության երևույթի ընկալումը մնացել է նույնը, այն է` ինքնա­պաշտ­պանությունն ու  սպառնալիքի բացակայությունը:

Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության խնդիրը ազգային քաղաքականության կերտման և զարգացման համար դարձել է հիմնարար գործոն։ Գրեթե բոլոր զարգացած երկրներն ունեն իրենց ազգային գաղափարախոսու­թյունը, որի վրա էլ հենված են նրանց ազգային անվտանգության հայեցակարգերը։

Հայաստանը ևս պետք է ունենա հստակ բովանդակությամբ ազգային գաղափարախոսություն, որի հիման վրա նորովի կձևակերպվի մեր ազգային անվտանգության հայեցակարգը։ Այսօր դա առավել քան արդիական է ու կարևոր, քանի որ վերջին իրադարձություններից հետո մեր երկրում հասարակությունն ու պետությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, վտանգված է ազգային անվտանգությունն ինչպես  արտաքին, այնպես էլ ներքին ոլորտներում: Դրանց պատճառների մասին կարելի է երկար խոսել, սակայն, թերևս ամենակարևորները հետևյալներն են.

1․ Հանրապետությունը գտնվում է չավարտված պատերազմի իրավիճակում. առկա փխրուն խաղաղությունը կարող է խախտվել ցանկացած պահի:

2․ Անկախությունից ի վեր հանրապետությունը տնտեսական շրջափակման մեջ է:

3․ Չնայած ներկա կառավարության կողմից իրականացվող սոցիալական զանազան ծրագրերին՝ դեռ բավական մեծ չափով առկա է սոցիալական բևեռացում, գործազրկություն, աղքատություն, որոնք իրենց հերթին պատճառ են դարձել նոր արտագաղթի:

4․ Եթե ավելացնենք, որ անկախությունից ի վեր հայ հասարակությունում մտավորականությունը դուրս մղվեց հասարակական կյանքից, դադարեց իդեալ և ուսուցիչ լինելուց, ապա ամբողջական կդառնա գործոնների այն համախումբը, որոնք տարիներ շարունակ հարվածել են պետության հիմքերին և ազգային անվտանգությանը:

Ազգային գաղափարախոսության վրա հիմնված ազգային անվտանգության հայեցակարգը պիտի ունենա աշխարհայացքային-գաղափա­րախոսական ներածական, որում պետք է շարադրվեն հայ ժողովրդի նպատակները, առաքելությունը, իմաստավորվի մեր տեղը աշխարհում` ազգերի ընտանիքում: Այնտեղ պետք է սահմանվեն այն արժեքները, որոնց անվտան­գությունը պետք է ապահովենք, և այն վտանգները, որոնցից պետք է պաշտպանվենք:

Իբրև բարձրագույն արժեքներ պետք է ընկալվեն ԱԶԳ-ը և ՀԱՅՐԵՆԻՔ-ը, ապա` այդ արժեքների դպրոց ու դարբնոց հանդիսացող հաստատությունները՝ ընտանիքը, դպրոցը, եկեղեցին, պետությունը:

Առաջնահերթ վտանգների թվում պետք է առանձնացնել.

- աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ),

- դասակարգային, կրոնական և քաղաքական  հատվածականությունը,

- բնականոն կենսակերպի այլասերումները,

- զինապարտությունից խուսափումը,

- Հայաստանի ժողովրդագրական և էթնիկ հաշվեկշռի խախտումը,

- ազգային կյանքում սոցիալական բևեռացումները,

- միջազգային և օտարերկրյա կառույցներից Հայաստանի կախվածության մեծացումը,

- թշնամի երկրների (մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի) հզորացումը։

Իսկ ի՞նչ է գաղափարախոսությունը։ Նախ «ազգային գաղափա­րախո­սություն» հասկացությունն որոշակի էվոլյուցիա է ապրել և կորցրել է նախկինի (օրինակ` կոմունիստական, նացիոնալ-սոցիալիստական) իր միանշանակ մի­տումը։ Այս առումով հատկանշական է, որ աշխարհում ընթացող ճգնաժամերի թելադրանքով դեմոկրատական համարվող երկրներում ընթանում է սոցիալիստական գաղափարների լեգիտիմացում և զարգացում։ Արդյունքում` ձևավորվում են <<բազմագաղափարախոսական>> հանրութ­յուններ, որը, սակայն մեր դեպքում ամենաանընդունելին է։

Ցավոք, լինելով հայ հասարակության մի մասնիկ, կարող ենք նկատել, որ այսօրվա հայ հասարակության մի ստվար զանգված պարզապես չի հարում այս կամ այն գաղափարախոսությանը, այլ ուղղակի ապագաղափարական է, այսինքն՝ մեծամասնությունն ապրում է իր նյութական ու կենցաղային խնդիրներով: Այս պարագայում ազգային գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված ազգային անվտանգության նոր հայեցակարգը, դրա կիրառման հստակ մեխանիզմների առաջ քաշումն անհրաժեշտ են մեր պետության գոյատևման համար:

Մարինե Գևորգյան
<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ