«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան

27/09/2020

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ ժողովրդի անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է համարում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին՝ մաեստրոն նշեց, որ նորից հայ ժողովրդին պատերազմ են պարտադրել, նորից ստիպում են, և հայերը պատրաստ են բռունցքվել, դառնալ միակամ ոգի, գործող ուժ և հաղթանակ տարած մեր բանակի ռազմիկների արժանի հետևորդը:

«Ժամն է միայն մեկ ուղղությամբ կենտրոնանալ՝ պաշտպանելու տուն և ընտանիք,  հող և խաղաղ երկինք, պաշտպանելու մեր բոլոր սրբությունների խորհուրդն ու   ուժականությունը: Մենք միասին անպարտելի ենք: Մեր անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է»,-ընդգծեց Մանսուրյանն ու հավելեց՝ Աստված պահապան մեր զինվորներին, մեր ժողովրդին: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։