«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ անդամ 9 երկրների ղեկավարները աջակցել են անդամակցելու Ուկրաինայի ձգտմանը

02/10/2022

ՆԱՏՕ-ի անդամ ինը երկրների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով դաշինքին անդամակցելու արագացված մուտքի խնդրանքով հանդես եկած Ուկրաինային։

«Մենք՝ Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայի երկրների նախագահներս, երկրներ, որոնց առաջնորդները պատերազմի ժամանակ այցելել են Կիեւ եւ սեփական աչքերով տեսել ռուսական ագրեսիայի հետեւանքները, չենք կարող լռել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտման հարցում եւ հադես ենք գալիս հետեւյալ հայտարարությամբ.

Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Մենք չենք ճանաչում եւ երբեք չենք ճանաչի ուկրաինական որեւէ տարածք բռնակցելու ռուսական փորձերը եւ վճռականորեն սատարում ենք 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստում կայացած գագաթաժողովի որոշումը՝ կապված Ուկրաինայի ապագա անդամակցության հետ։

Աջակցում ենք Ուկրաինային՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում, պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը բոլոր օկուպացված տարածքներից եւ բոլոր դաշնակիցներին կոչ ենք անում էապես մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է Ռումինիայի նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարությանը միացել են Ռումինիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի նախագահները։

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմում էր ներկայացրել՝  ՆԱՏՕ արագացված մուտքի խնդրանքով՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրերի ստորագրումից հետո: