«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

17/05/2022

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցերն էին։

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը։

Մյուս փոփոխությունը վերաբերում է արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը։Նախարարի  տեղեկացմամբ ՝առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի, որ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են միայն այն դեպքերում, երբ փոխվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։ Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա։

Հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, և այն դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ նախագիծը լրամշակման նպատակով հետ է ուղարկվել։