«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՔՊ-ում սպասում են Փաշինյանի sms-ին. «Ժողովուրդ»

12/11/2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը նախաձեռնելու համար սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի sms–ին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Լրատվամիջոցի աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են:

«Չնայած Անդրանիկ Քոչարյանի՝ թեման ամեն գնով փակելու, Փաշինյանի հետ լեզու գտնելու ջանքերին, այնուամենայնիվ ՔՊ-ականների մի մեծ խումբ լուրջ է տրամադրված նրա պաշտոնանկությունը գլուխ բերելու հարցում: Իշխանականները թեման դեռ փակ չեն համարում, մեծամասնությունը կողմ է Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որն էլ իր հերթին շարունակում է այս թեմայով լռություն պահպանել ու դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնում»,– գրում է օրաթերթը:

Ըստ ԶԼՄ–ի` հայտնի «ինքնաքննադատության նիստի» օրը ՔՊ-ականները հերթով մոտեցել են ամբիոնին և վատաբանել Անդրանիկ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը չի ընդդիմացել, լսել է մոտ 40 ներկաների դժգոհությունները, բարկացել, ասել, որ հարցը պետք է լուծվի խմբակցության մակարդակով։

«Սակայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը դեռ դրա վերաբերյալ համապատասխան «sms հաղորդագրություն» չեն ստացել: Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը սպասում են, նրանք Անդրանիկ Քոչարյանից սարսափելով՝ չեն նախաձեռնում նրա պաշտոնանկությունը առանց լրացուցիչ ճշտումների»,– գրում է «Ժողովուրդը»:

Հիշեցնենք` Քոչարյանը հոկտեմբերի 29–ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին։