«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամեր անց օրինական ուժի մեջ կմտնի Քրեական նոր օրենսգիրքը․ այլևս նշանակություն չի ունենա թե անձը, որպես կաշառքի գումար, պահանջել է 10 դրամ, թե 10 մլն ԱՄՆ դոլար»․ փաստաբան

30/06/2022

Ժամեր անց օրինական ուժի մեջ կմտնի ՀՀ քրեական նոր օրենսգիրքը և քրեաիրավական առումով այլևս նշանակություն չի ունենա թե անձը, որպես կաշառքի գումար, պահանջել է 10 դրամ, թե 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է փաստաբան Լևոն Սահակյանը։

«Խոսքը ոչ թե կաշառքի գումար փաստացի ՍՏԱՆԱԼՈՒ այլ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ մասին է: Թե այսօրվա, թե վաղը օրինական ուժի մեջ մտնող օրենսգրքի համաձայն՝ անձը պատժվում է նույն հոդվածով, անկախ նրանից՝ ստացել, թե զուտ պահանջել է կաշառքի գումար: Երկու օրենսգրքերն էլ որպես որակյալ հանցակազմ նախատեսում են նույն արարքը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարելը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Նոր օրենգրքով գումարի չափի վերաբերյալ հասկացությունները տրվում են օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով, որի համաձայն՝ սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը),…:

Այլ կերպ ասած՝ վերոգրյալ նորմը սահմանում է բացառապես հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ կամ ՍՏԱՑՎԱԾ գույքի կամ օգուտի չափերի հասկացությունները: Տվյալ նորմը որևէ կերպ չի սահմանում, թե պահանջված (ոչ թե ստացված) գույքի խոշոր կամ առանձնապես խոշոր չափերը որն է համարվում: Հետևաբար, Նոր օրենսգրքով որևէ կերպ սահմանված չէ, թե խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումար պահանջելը օբյեկտիվ կողմի տեսանկյունից ինչպես պետք է դրսևորվի, ինչն էլ նշանակում է, որ վաղվանից որևէ նշանակություն չի ունենա, թե անձը ինչ չափի գումար է պահանջել որպես կաշառքի գումար, միևնույնն է նա ենթարկվելու է քրեական պատասխանատվության միայն Նոր օրենսգրքի 435-րդ հոդվածի ընդամենը 1-ին մասով:

Հիշեցնեմ, որ Գևորգ Լոռեցյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ջանքերով ավելի քան 2,5 տարի պահվում է ապօրինի կալանքի տակ և նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, այն բանի համար, որ նա իբր ՊԱՀԱՆՋԵԼ է 2 մլն դրամ կաշառքի գումար: Վաղվանից նաև վերոգրյալ իմաստով է վերանալու առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածը, ինչը նշանակում է, որ ժամեր անց դատարանը պարտավոր է րոպե առաջ կայացնել դատական նիստ ու քննարկել Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցի հարցը:

Համապատասխան միջնորդություն մենք, իհարկե, կներկայացնենք»,-նշել է նա: