«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ․ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱԶԱՍՊ ԳԱԼՍՏՅԱՆ

28/03/2022

Generalnews.am-ի հյուրն է տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանը։

- Խոսենք ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության հիմնական դրդապատճառների մասին։

- Նախ նշեմ, որ ռուս-ուկրաինական այսօրվա թնջուկի նախադրյալները մեզ «ուղեկցելու են» դեպի 9-րդ դար։ Անգամ շարժվելուվ այդ մեկնակետից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ինչպես ցանկացած հակամարտության պարագայում, այս դեպքում նույնպես, արձանագրված պատմական իրողությունները հակամարտող կողմերի համար ունեն իրենց մեկնաբանումը, որը հաճախ տարբերվում է մյուսից 180 աստիճանով։ Ինչևէ, չմտնելով պատմական դարաշրջանների մանրամասների մեջ, կողքից դիտորդի չեզոք աչքով, ուղղակի փորձենք առանձնացնել այն հիմնական ժամանակագրական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 9-րդ դարից մինչ մեր օրերը՝ հասկանալու համար ռուս-ուկրաինական հակամարտության անատոմիան։

1․ IX դար- Կիևյան Ռուսիայի ձևավորում։ Արևելյան սլավոնական համայնքների և սկանդինավյան ցեղախմբի վերնախավերի միավորման արդյունքում ստեղծվեց «Կիևյան Ռուսիա» անվանմամբ պետություն, որը 988 թ. Մեծ Արքայազն Վլադիմիրի ջանքերով ընդունեց քրիստոնեություն։

2․ XVII-րդ դարում ուղղափառ կազակներն ապստամբեցին կաթոլիկ Լեհաստանի դեմ, որի արդյունքում 1648 թ. ստեղծվեց Կազակական հեթմանությունը՝ Զապորոժյան Սեչը։

3․ 1654 թ. կնքվեց Պերեյասլավի համաձայնագիրը, որով բաժանվեցին ռուսական վիճահարույց հողերը, որտեղ արդեն իսկ ստեղծվել էր Զապորոժյան Սեչը։

4․ 1667 թ. ստորագրվեց Անդրուսովոյի դաշնագիրը, որով Լեհաստանը և Ռուսաստանը հստակեցրին սահմանները, ինչի արդյունքում Չապորոժյան Սեչը Դնեպր գետի երկայնքով բաժանվեց երկու՝ ռուսական և լեհական մասի։ Ընդ որում այս բաժանումը կատարվեց առանց ուկրաինական կազակների կարծիքն հաշվի առնելու։

5․ 1764-1781 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Զապորոժյան Սեչը աստիճանաբար ներառվեց Ռուսաստանի Մալոռուսիա (Փոքր Ռուսիա) նահանգի կազմում և դադարեց գոյություն ունենալուց։

6․ 1918-1922 թթ.՝ նախ ստեղծվեց ՈՒկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը, որը չճանաչվեց որևէ երկրի կողմից, ապա հռչակվեց ՈՒկրաինայի Խորհրդային Հանրապետությունը, որը 1922 թվականին ընդգրկվեց ԽՍՀՄ կազմում։

7․ 1945 թ. պատերազմի ավարտի արդյունքում ընդլայնվեցին Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության(ՈւԽՍՀ) տարածքները, որի արդյունքում Խորհրդային Ուկրաինային միացան ԽՍՀՄ-ի կողմից դեռևս 1939 թվականին գրավված լեհական հողատարածքները։

8․ 1954 թ. Ղրիմի Ինքնավար հանրապետությունը ԽՍՀՄ-ի մաս կազմող ՌԽՖՀ-ից (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Հանրապետություն) փոխանցվեց ՈՒԽՍՀ-ին, որն իրականացվեց որպեսզի հնարավորինս չեզոքացվի ազգայնական գաղափարախոսությունը, որը Արևմտյան Ուկրաինայում ուներ բավարար հենարան։

9․ 1991 թ. փլուզվեց Խորհրդային Միությունը, և Ուկրաինան հռչակեց իր անկախությունը։

10․  2014 թ. Ղրիմը կրկին միացվեց Ռւսաստանին։ Ռուսալեզու բնակչության դժգոհությունը Դոնբասում դարձավ զինված հակամարտության սկիզբ, որի արդյունքում ստեղծվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։

11․ 2014 թ. ստեղծվեց «Նորմանդական» ձևաչափը, որի նպատակը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը միտված քայլերի մշակումն էր և ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը։

12․ 2022 թ. փետրվար. Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները (ԴԺՀ և ԼԺՀ) ճանաչվեցին Ռուսաստանի Դաշնության կողմից որպես անկախ միավորներ, ապա Ռուսաստանը  ԼԺՀ և ԴԺՀ հետ կնքելով Համագործակցության պայմանագիր, փետրվարի 24-ին սկսեց իրականացնել ռազմական անմիջական օժանդակություն տրամադրելու գործընթացը։

 

- Արդյո՞ք աշխարհն այս հակամարտության դեպքում միակարծիք է և համախմբված, և կուզեի լսել Ձեր կարծիքը՝ այս բարդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինեն ՀՀ քայլերը։

- Ամբողջապես չձերբազատված քովիդյան վախերի մղձավանջից, աշխարհը ի դեմս ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության, ընկղմվում է մի նոր մղձավանջի մեջ և ի տարբերություն նախորդի, այս պարագայում, տվյալ իրադարձության հանդեպ միասնական դիրքորոշում առկա չէ, անգամ այն միավորներումների կամ կազմակերպությունների պարագայում, որոնց համախմբված կարծիքն է նման իրավիճակներում օգտագործվել որպես հիմնական հաղթաթուղթ։ Թերևս բացառություն է կազմում ՆԱՏՕ-ն, որի երկրները հանդես են գալիս միասնական ճակատով։ Հայաստանը, որն  այս պահին ունի չլուծված Արցախյան հիմնահարց, չորս հարևան երկրներից առնվազն երկուսի հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ, չկարգավորված սահմանային խնդիրներ, գիտակցելով ռազմական ճանապարհով խնդիրը վերջնական լուծելու անհնարինությունը, ինչպես նաև հասկանալով ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հանդեպ մեր դիրքորոշումից բխող հետևանքները, պետք է կատարի արտաքին և ներքին միջավայրերի հնարավորինս ճշգրիտ վերլուծություն, հավանական ելքերի սցենարների մշակմամբ։ Առանց դրա հնարավոր չէ աշխարհակարգի փոփոխության փուլի այս բարդ իրավիճակից դուրս գալ «մեղմ քերծվածքներով»։ Մեր հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզի» և ժամանակացույցի կազմման համար նախ և առաջ պետք է հստակ պատկերացնենք, թե ռուս-ուկրաինական հակամարտության առումով ինչպես է դիրքավորվել աշխարհը, մայրցամաքներն ու տարածաշրջանները, ինչ շարժառիթներով և դրդապատճառներով է կանգնել հենց այդ դիրքում։ Պետք է նաև հաշվի առնենք, որ դրանցից որոշների պարագայում, այն մեզ համար ոչ միայն կենսական է լինելու իր էությամբ, այլ նաև ունենալու է գոյապահպանական հստակ բաղադրիչ։

 

- Ինչպիս՞ի դիրքավորումներ կան աշխարհում ընդհանրապես և մասնավորապես այն երկրներում և միջազգային կազմակերպություններում, որոնց հետ Հայաստանը համագործակցում է քաղաքական, ռազմական և տնտեսական հարթություններում։

- Դիրքվորումները հստակ երևում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և Գլխավոր Ասամբլեայի քվեարկություններով, որը կարելի է համար յուրօրինակ «լակմուսի թուղթ» իրավիճակը հենց այդ համատեքստում պարզելու համար։ 2022 թվականի փետրվարի 25-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին։ Վերոնշյալ ձևակերպումով բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվեց խորհրդի մշտական անդամի վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանի կողմից (մշտական անդամները թվով 5-ն են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան), ընդ որում, Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը քվեարկեցին կողմ, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ ձեռնպահ։ Արդյունքում պարտադիր կատարման ուժ ունեցող բանաձևը չընդունվեց, որից հետո նույնաբովանդակ բանաձևով, սակայն արդեն որոշումների կատարման առումով ոչ պարտադիր փաստաթուղթը ԱՄՆ-ի և Ալբանիայի կողմից ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 141 անդամ երկրներ աջակցեցին ներկայացված փաստաթղթին և քվեարկեցին կողմ, 35-ը՝ ներառյալ Հայաստանը, փորձելով վարել հավասարակշռված քաղաքականություն, քվեարկեցին ձեռնպահ, 5-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան և Սիրիան քվեարկեցին դեմ, իսկ շուրջ մեկ տասնյակ երկիր՝ մասնավորապես Բուրկինա Ֆասոն, Տոգոն, Գվինեան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և այլն, ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը։ Դիրքավորումների առումով, կարծես, ամեն ինչ պարզ է Եվրոպայի և  Հյուսիսային Ամերիկայի պարագայում, սակայն մնացած աշխարհի պահվածքը ցույց է տալիս, որ թե՛ քաղաքական և թե՛ առավել ևս տնտեսական շահերի գերակայությունները տարբեր են։ Ակնառու է Ռուսաստանի հետ ցամաքային հսկայական սահմաններ ունեցող երկրների զգուշավորությունն ու ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հնարավորինս հավասարակշիռ դիրքավորման ցանկությունը։ Քվեարկության ժամանակ Աֆրիկյան մայրցամաքի երկրները կիսվեցին երկու մասի, 28 անդամ կողմ  արտահայտվեց բանաձևին, իսկ 25-ը կամ քվեարկեցին ձեռնպահ, կամ էլ  չմասնակցեցին քվեարկությանը: «Ծոցի» արաբական երկրները քվեարկեցին փաստաթղթի ընդունման օգտին: Խնդրո առարկա հարցում Հայաստանի և նրա անմիջական հարևանների ու տարածաշրջանային հիմնական շահգռգիռ կողմերի, ինչպես նաև ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի անդամ (գործընկեր, դիտորդ) երկրների քվեարկությունների պատկերը հետևյալն է։ ԱՊՀ 11 երկրներից 2-ը կողմ են քվեարկել, 2-ը՝ դեմ, 4-ը՝ ձեռնպահ և ևս 3-ը չեն մասնակցել քվեարկությանը։ ՀԱՊԿ-ի անդամ թվով 6 երկրների դեպքում կողմ քվեարկողներ չկան, 2-ը դեմ են քվեարկել, 4-ը ձեռնպահ։ ԵԱՏՄ 5 երկների պարագայում դեմ են քվեարկել 2-ը, ձեռնպահ՝ 3-ը։ Տարակարծության առումով, բացառություն չէ նաև ՇՀԿ-ն։ Այստեղ, կրկին կողմ ու դեմ քվեարկողների առակայության պարագայում, քանակական և ինչ որ տեղ նաև որակական մեծամասնություն են կազմում ձեռնպահ քվեարկած երկրները։ Պետք է արձանագրել, որ մարդկության պատմության այս բախտորոշ հանգրվանում, այն կառույցները, որի լիիրավ կամ գործընկեր անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն միակարծիք չեն, այլ ուղղակի վտանգավոր աստիճանի տարակարծիք են։ Արձանագրենք նաև այն փաստը, որ վերոթվարկյալ կազմակերպությունները ներկայացնող և հիմնականում խնդրի առնչությամբ երկկողմ հավասարակշիռ դիրքավորում ունեցող՝ ձեռնպահ քվեարկած, երկրներում ապրում է մոլորակի 7մլրդ 930 մլն. բնակչության շուրջ 46%-ը՝ 3 մլրդ. 655 մլն մարդ։ Սա խոսուն թիվ է, ինչպես աշխարհի բնական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների առկայության, այնպես էլ տնտեսական ինտեգրման աշխուժացման համատեքստում։

 

- Ինչպիսի՞նն է մեր անմիջական հարևանների դիրքավորումն այս բարդ հարցում։

- Խնդրո առարկա հարցի պահով մեզ անմիջապես սահմանակից չորս հարևան երկրների դիրքավորման պատկերում նույնպես որոշակիացում առկա չէ։ Այստեղ, զավեշտալի է Ադրբեջանի դիրքավորմումը, որը այսպիսի խորության և ծանրության խնդրի պարագայում կարելի է նաև համարել չդիրքավորում։ Պատվաբեր է այդպիսի վարքը թե ոչ, դա մեր խնդիրը չէ և միայն հետագան ցույց կտա դրա իրական արժեքն ու հետևանքները։

Վրաստանի պարագայում խնդիրը բարդ է նրանով, որ «Նորմանդյան քառյակում» Ռուսաստանի բարձրացված հարցերը, հատկապես ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնման առումով, առնչվում է նաև Վրաստանին, ուստի, այս իրավիճակում, ցանկացած կոշտ հակադրություն և միակողմանի ընտրություն կարող է ճակատագրական լինել, հատկապես հաշվի առնելով Աջարիայի թուրքական տնտեսական ինտերվենցիան, աբխազական և հարավ-օսեթական բարդ հիմնախնդիրները։ Դա է պատճառը որ, Վրաստանը կողմ քվեարկելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, բարձրաձայն հայտարարեց Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին չմասնակցելու մասին, չնայած այն հանգամանքին, որ հասարակության որոշիչ մասը հստակ արտահայտում էր իր դիրքորոշումը՝ անվերապահ սատարելով Ուկրաինային։ Միաժամանակ, ուկրաինական սցենարը տեսնելով ու հասկանալով ՆԱՏՕ-ին միանալու անհեռանկարությունը, Վրաստանը, այդուհանդերձ, փորձում է շարժվել Արևմուտքի գաղափարախոսությանը համահունչ։

Իրանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ 2022 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ դատապարտեց ՆԱՏՕ-ի ընդլայնման մտադրությունը դեպի արևելք, համարելով այն «լուրջ սպառնալիք»: Իրանի ԱԳ նախարարը վտանգավոր այս ճգնաժամի մեջ ուղղակիորեն մեղադրեց ՆԱՏՕ-ին, միաժամանակ, հակամարտության երկու կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Այսօր, Իրանի հիմնական մտահոգությունն այն է, որ ռուս-ուկրաինական թնջուկը կարող է խաթարել համաշխարհային «խոշոր խաղացողների» հետ Վիեննայում անցկացվող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հետագա ընթացքը, որն անմիջականորեն առնչվում է Իրանի միջուկային հավակնություններին։ Միաժամանակ, Իրանն իր տնտեսական ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն է համարում ԵԱՏՄ-ի հետ առավել խորացված տնտեսական համագործակցությունը։ Իհարկե, այս տեսանկյունից, Մոսկվային ձեռնտու է, որ Վիեննայի բանակցությունները չխաթարվեն և Իրանի նման ռազմավարական գործընկերը մնա կանխատեսելի տրամաբանության շրջանակում։

Հակամարտությունը թերևս շատ լուրջ և բազմադեմ խնդիր է Թուրքիայի համար։ Այն սպառնում է ոչ միայն փչացնել Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ, այլև վնասել Թուրքիայի տնտեսությանը։ Խնդիրը նախ և առաջ վերաբերում է էներգակիրներին, որոնց գների բարձրացումը թվում է անխուսափելի։ Լինելով ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, Թուրքիան առանց վարանելու իր աջակցությունը հայտնեց Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, բայց նաև հընթացս փորձում է նվազագույնի հասցնել Ռուսաստանի հետ լարվածությունը։ Քվեարկելով կողմ Գլխավոր Ասամբլեայի բանաձևին, նա չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների որևէ փաթեթին, հայտարարելով, որ այն դեմ է իր ազգային շահերին։ Միաժամանակ, Թուրքիան ի դեմս իր առաջնորդի, հակամարտող կողմերի համար նույնպես փորձում է դառնալ երկխոսության կամուրջ կամ հարթակ։ Բազմակողմ, բազմաշերտ և բազմադեմ խաղի սիրահար թուրքական դիվանագիտությունը, նման իրավիճակներում, իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»։ Արցախյան պատերազմից անմիջապես հետո Ուկրաինայի հետ, աշխարհով մեկ գովազդած և հայ զինվորի գլխին պատուհաս դարձած «Բայրաքթար»-երի մեծ գործարքը գլուխ բերած Թուրքիան, նեղուցների կարգավիճակը հստակեցնող Մոնտրոյի կոնվենցիայի  «երկսայր սուրը ձեռքին», շարունակում է իր սիրելի քաղաքականության վարումը։ Մասնավորապես, աներկբա պաշտպանելով Ուկրաինային, թուրքական առաջնորդ Էրդողանը խիստ քննադատեց ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին՝ Ռուսաստանի գործողությունները ընդամենը դատապարտելու և Ուկրաինային օգնելու համար կոնկրետ քայլերը ուշացնելու համար։ Սակայն, այդ ամենով հանդերձ, մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը և բանաձևին դեմ քվեարկած Սիրիան կարող են համատեղ ուժերով ավելացնել ճնշումն Իդլիբի վրա՝ ստիպելով մեծ թվով փախստականների շարժվել դեպի Թուրքիա, շարունակում է Ռուսաստանին «շողոքորթելու» իր դարավոր ուղին, փորձելով նրա մոտ ստանալ երդվյալ գործընկերոջ և անգամ բարեկամի կարգավիճակ: Իհարկե, Թուրքիան շահագրգիռ է ռուս-ուկրաինական հակամարտության արագ կարգավորմամբ, քանի որ երկարատև պատերազմը միայն կխորացնի իր անվտանգային և տնտեսական մտահոգությունները, իսկ եթե Ռուսաստանը ամրապնդի վերահսկողությունը Ուկրաինայի սևծովյան ափամերձ գծի վրա, դա նաև ծանր հարված կհասցնի Թուրքիային Սև ծովում ռազմածովային ուժերի հավասարակշռության առումով: Այս ամենով հանդերձ, Թուրքիան նաև քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի ռազմական և տնտեսական թուլացումը նոր հնարավորություն է ընձեռելու նրան իրականացնելու իր դարավոր երազանքը՝ Հարավային Կովկասում դառնալ թելադրող ուժ։

 

- Ի վերջո, ՀՀ մասին․ թեև Ձեր խոսքում արդեն որոշակիորեն անդրադարձաք ՀՀ քայլերին, սակայն կխնդրեի մեկ անգամ ևս հանգամանալից ներկայացնել ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ՀՀ դիրքավորման խնդիրը։

- Հայաստանը դիրքավորվել է խնդրի հանդեպ հնարավորինս հավասարակռշված քաղաքականություն վարող այն երկրների խմբում, որտեղ են տարածաշրջանի գլխավոր խաղացողները՝ Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը։ Ինչպես աշխարհի, այնպես էլ անմիջական հարևան և տարածաշրջանային երկրների այսպիսի խառը դիրքավորումը մեզ պարտադրում է յուրաքանչյուր քայլը անել «տասը չափելու և մեկը կտրելու» խոհեմ սկզբունքով, մի կողմ թողնելով ներքին չլուծված, հաճախ նաև դրսի «բարեկամ» ուժերի կողմից հատուկ մեր հոգեկերտվածքի համար «սարքովի» խնդիրները։ Բայց, պետք է նաև գիտակցել, որ «չափման ու կտրման» տեմպերը չպետք է լինեն ակադեմիական դանդաղկոտությամբ, դրանք պետք է համահունչ լինեն աշխարհակարգի փոփոխմանը միտված քայլերի արագությանն ու տրամաբանությանը։ Խնդրի առնչությամբ վերոնշյալ դիրքավորումների պատկերի հիման վրա անհրաժեշտ է մշակել ելքի բազում սցենարներ՝ հիմքում դնելով մեր ազգային և տնտեսական շահը։ Կհաջողենք, ուրեմն կլինենք տարածաշրջանի խաղասեղանի կողքին նստած սուբյեկտ, չենք հաջողի, ուրեմն մեզ՝ լավագույնս, կվերապահվի խաղասեղան լինելու ոչ այնքան իմաստավոր դերը, ապա թե ոչ, ուրեմն մեզ՝ մեծահոգաբար «կշնորհեն» այդ սեղանի վրայի սփռոցի կարգավիճակ, որը կեղտոտվելու և այլով փոխվելու հատկություն ունի։ Ընտրությունը մերն է և այս դեպքում պետք չէ հույս դնել դրսից որևէ մեկի վրա, նրանք, ըստ դերակատարաման տրամաչափի և կարողության, զբաղված են իրենց նոր ու հին գործերով։ Այսպիսի բարդ ժամանակաշրջանում, մեզ, նախ և առաջ, անհրաժեշտ է ներքին տարաձայնությունների առժամանակ սառեցում կամ հնարավորին վերացում և արտաքին մարտահրավերների հանդեպ միասնական մեկ ընդհանուր ճակատի ստեղծում։ Հաջողության ճանապարհը սա է։

 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am