«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՀ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ.ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

29/09/2020

ԱՀ անկախության ՀՀ կողմից ճանաչվելու հարցը նոր չէ և միշտ կա օրակարգում: Նախկինում, մինչև այս պատերազմն այն հիմնականում օրակարգ են բերել իշխանություններին ընդդիմադիր ուժերը կամ անհատներ, որոնք փորձել են տեսականորեն հիմնավորել դրա անհրաժեշտությունը: Անշուշտ, դա կարևոր հարց է, բայց լուրջ քննարկում պարունակող, որտեղ պետք է հետին պլան մղվեն զգացմունքները: Հարցեր կան, որոնց արծարծումը գործնականում որևէ փոփոխություն չեն կարող նախատեսել հօգուտ մեզ և այս հարցը դրանց թվին կարելի է դասել: Եթե ՀՀ –ն ճանաչի անկախությունը, ապա այսօրվա դրությամբ դա ոչինչ չի կարող տալ մեզ դիվանագիտական հաջողությունների տեսանկյունից, որովհետև հակամարտության հարցը դուրս է եկել դիվանագիտության տիրույթներից՝ տեղափոխվելով ռազմական դաշտ: Դիվանագիտական դաշտում փորձ է արվում այս հարցով գործնական ակտիվություն մտցնել, բայց քանի որ աշխարհի մեծերն հակված են փոխզիջումների և խաղաղ բանակցությամբ հարցը կարգավորելուն, այդ փաստը, մեղմ ասած, դժկամությամբ կընդունեն և անկախ այն հանգամանքից, թե պատերազմն ինչպես կվերջանա, թշնամի կողմը այն կօգտագործի մեր դեմ:

Այդ հարցը կարելի է շտապ բերել օրակարգ այն դեպում, երբ մենք պատերազմում հաղթանակ տանենք և այնպիսի հաղթանակ, որ արդեն մեզ հետ հաշվի նստեն բոլորը: Ճանաչել ԱՀ անկախությունը, թե չճանաչել, այսօր միևնույնն է, որովհետև մենք չենք կարող խաբել աշխարհին, թե սա միայն Արցախի հարցն է: Պետական մակարդակով արդեն հայտարարվել է, որ Արցախը Հայաստան է: Եվ այստեղ բացասական չկա ոչինչ, քանի որ իրոք դա այդպես է:

Այլ հարց է, որ ԱՀ ճանաչվի ՀՀ մաս, բայց սա էլ պետք է լինի միայն պատերազմի հաղթական ավարտից հետո, բայց որը շատ բարդ խնդիր է, քանի որ բոլոր քաղաքական ուժերը  հակված չեն դրան: Այսօր նման հարցերի արծարծումները, մեր խորին համոզմամբ, ոչ մի դրական ելք չեն բերի, պատերազմը դեռ շարունակվում է և չենք կարծում, որ հաղթական ավարտից հետո դա այդքան կարևորություն կստանա: Եթե հաղթում ենք, մենք կարող ենք որոշել հարցերն արդեն մեր մեջ և արտաքին դիվանագիտական ճակատում: Այժմ գերխնդիրը պատերազմում հաղթելն է: Պետք չի դիվանագիտական հարցեր արծարծել, երբ պատերազմում ես և դեռ վճռական ելքը չի եղել հօգուտ քեզ:  Դա ոչինչ չի տալու: Մենք դե ֆակտո ճանաչել ենք ԱՀ –ն, որի համար ազգովի կռվում ենք: Դե յուրեն հարցի երկրորդական կողմն է: Նախ հաղթենք, որում կասկած չի կարող լինել, որից հետո ամեն ինչ ավելի դյուրին կլինի:Սա է մեր  համոզմունքը;