«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Lրագրողները , երբ հրապարակում են որևէ նկար, տեղեկություն, ապա պետք է համոզված լինեն, որ չեն միջամտում մարդու կյանքին ». Գևորգ Հայրապետյան

17/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը

 Պարո՛ն Հայրապետյան, մարդու անձնական տվյալների պաշտպանության խախտո՞ւմ է, երբ հանրային հնչեղություն ստացած որևէ դեպքից հետո տարբեր օգտատերեր հրապարակում են այդ դեպքի այսպես ասած կիզակետում հայտնված անձի լուսանկարն ու կից ինչ-որ գրառում անում:

– Միանշանակ պատասխանել այդ հարցին օրենքի, այլ ոչ թե իրավունքի դաշտում մի քիչ խուսափում եմ, որովհետև ամեն օր բազմաթիվ մարդկանց ցույց են տալիս հեռուստացույցով, դրա իրավունքը չունե՞ն: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը չի արգելում կամ թույլատրում անձնական տվյալի օգտագործումը, այն դրա մասին չէ, այն տվյալները բարեխիղճ օգտագործելու մասին է, հետևաբար միայն անձնական տվյալի մշակման փաստը, միայն փաստը, որ անձնական տվյալ է հրապարակվել կամ մշակվել, դեռևս ոչ մի հնարավորություն չի տալիս խոսել այդ տվյալի հրապարակման իրավաչափության մասին:

Օրինակ՝ հիմա դուք օգտագործել եք իմ հեռախոսահամարն ու անունը, դա ինչ-որ տեղից իմացել եք, արդյոք դա իրավաչա՞փ է, թե՞ չէ: Սա այդ դեպքը չէ, որովհետև կա ԶԼՄ, հանրային նշանակություն ունեցող դեպք, որը ենթակա է լուսաբանման, կա լուսաբանելու լրագրողական նպատակ, հետևաբար, եթե դրա շրջանակում որևէ մեկի նկարը հայտնվել է համացանցում կամ լրատվամիջոցում՝ խախտո՞ւմ է, թե՞ չէ, ես ուղղակի չեմ կարող պատասխանել:

Հավելեմ նաև, որ մենք երբևէ որևէ ահազանգ չենք ստացել, որ դա արվում է ապօրինի, այսինքն՝ կողմի անհամաձայնությունը, զոհվածի ժառանգի անհամաձայնությունը մենք չենք լսել:

– Իսկ եթե մարդու անձնական տվյալներն օգտագործում են ոչ վերը ձեր նշած նպատակներով, ձեր ղեկավարած կառույցը չունի՞ դա կանխելու լծակներ:

 – Ունի, եթե կա անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման հետ կապված խնդիր, եթե խոսքը ընդհանուր գնահատականի մասին է, առավելագույնը մենք կարողանանք ինչ-որ մի պահի անհրաժեշտությունը տեսնենք ու հրապարակային արտահայտենք մեր կարծիքը այդ երևույթի մասին, բայց դա լինելու է իրավունքի դաշտում, ոչ օրենքի: Եվ երկրորդը՝ եթե որևէ դիմում կամ ահազանգ ունենանք այն մասին, որ ինչ-որ մեկի տվյալն օգտագործվել է առանց համաձայնության, ուրիշ նպատակով և այլն:

 – Իսկ իրավունքի դաշտում , պարո՛ն Հայրապետյան, ո՞ր դեպքում կարելի է համարել, որ խախտվել է մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

– Առհասարակ, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը համարվում է խախտված, կամ խախտման կասկած է լինում, եթե անձնական տվյալների մշակման կանոնը խախտվում է, իսկ այդ կանոններն ընդհանուր են ու վերաբերում են բոլորին, ովքեր որևէ գործողություն են կատարում անձնական տվյալի հետ: Այդ կանոններն են՝ 1. պետք է լինի օրինական ու որոշակի նպատակ. 2. պետք է լինի համաչափություն, այսինքն՝այդ տվյալները պետք է օգտագործվեն նպատակին հասնելու համար անհրաժեշտ չափավոր միջոցներով, նվազագույն քանակով: Կան էլի չափանիշներ ու սկզբունքներ, բայց նախնական գնահատման համար այդ երկուսն են էական, եթե խոսքը լրագրողական գործունեության մասին է:

Սովորաբար, համացանցում մարդկանց իրավունքները մի փոքր հետ են մղվում, երբ խոսքը ամբողջ հասարակության, երբեմն՝ մարդկության համար կարևոր իրադարձության մասին է, ու, որպես կանոն, դա լինում է աղետների, բացասական երևույթների պարագայում: Այս դեպքում ինքնին արդեն օրինական նպատակը, լուսաբանման նպատակը առկա է, որովհետև նման իրադարձությունները հանրային կարևոր նշանակություն ունեն: Այս դեպքերում մարդկանց իրավունքի խախտումը կամ միջամտության իրավաչափությունը գնահատելու համար էական է դառնում համաչափության սկզբունքը, որովհետև նպատակն արդեն կա:

Պետք է նաև նկատի ունենալ, որ այժմ գործ ունենք համացանցի հետ, որտեղ ոչինչ չի մոռացվում ու հասանելի է բոլորին՝ ի տարբերություն նախկինի: Դրա համար լրագրողները պետք է նկատի ունենան՝ արդյոք հրապարակո՞ւմ են պիտանի, անհրաժեշտ ու չափավոր ծավալի տվյալներ, արդյոք միջամտությունն այնպիսի՞ն է, որն արդարացված է հանրային շահով: Այս կանոնը արտացոլված է նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածում:

Երբեմն լինում են դեպքեր, երբ առաջանում է համաչափության սկզբունքի խախտման կասկած, ու այս դեպքերում կոչն ու խնդիրն այն է, որ լրագրողները յուրաքանչյուր դեպքում, երբ հրապարակում են որևէ նկար, տեղեկություն, ապա պետք է համոզված լինեն, որ չեն միջամտում մարդու կյանքին ավելի շատ, քան անհրաժեշտ է լրագրողական առաքելության համար: Եթե անձնական տվյալների մշակումն ու հրապարակումն սահմանված նպատակից ակնհայտորեն անհամաչափ լինեն, այդ դեպքում, բնականաբար, կարող է խոսք լինել անձնական տվյալների պաշտպանության խախտման մասին:

– Իսկ անհատների մասով՝ երբ ձեր նշած համաչափությունը չի պահպանվում, այլ նպատակներով են օգտագործում մարդու նկարը կամ անձնական այլ տվյալ, օրինակ՝ այսպես կոչված լայք հավաքելու համար, ի՞նչ լծակներ ունեք:

– Դա հենց անձնական տվյալների ռեժիմներից մեկն է: Անձնական տվյալները մշակելու երեք հիմք կա՝ 1. եթե դրանք մշակվում են կոնկրետ անձի համաձայնությամբ. 2. մարդու համաձայնության բացակայության դեպքում մարդու տվյալները կարող են մշակվել, եթե դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով. 3. անձնական տվյալները մշակելն օրինական է, եթե դրանք ձեռք են բերվել հանրամատչելի աղբյուրներից:

Երբ հանրամատչելի աղբյուրից որևէ մեկը տվյալներ է ձեռք բերում ու օգտագործում, հնարավոր է դրա նկատմամբ դժգոհություններ ներկայացնել, բայց կախված է կոնկրետ դեպքի պայմաններից, հանգամանքներից: Օրինակ՝ եթե դուք Ֆեյսբուքում նկար եք հրապարակել, ու ես ձեր նկարը վերցնում եմ, գողանում եմ ձեր ինքնությունը, սկսում եմ ձեր ընկերներին գրել ու փող ուզել, ձեր անունից եմ հանդես գալիս կամ եթե վերցնում եմ ձեր անձնագրից ինչ-որ տվյալներ ու փորձում դրանով վարկ վերցնել, այսինքն՝ տվյալի օգտագործման նպատակն այնպիսին է, որ ինքը անհամատեղելի է նախնական նպատակի, հրապարակման պայմանների հետ, ինքնին անօրինական է, ապա, այո՛, այս դեպքում միանշանակ հնարավոր է պնդել, որ այդ տվյալները, թեկուզ հանրամատչելի աղբյուրից վերցրած, օգտագործվել են անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտմամբ, ինչը երբեմն կարող է նաև քրեական պատասխանատվության հանգեցնել:

Բայց եթե ես Ֆեյսբուքում հրապարակած ձեր նկարը շեյր անեմ կամ մեսենջերով ուղարկեմ որևէ մեկին, ես խախտած չեմ լինի այդ նկարի հրապարակման կանոնները, որին դուք համաձայնել եք այդ նկարը Ֆեյսբուքում ներբեռնելիս: Հետևաբար, էական է հանգամանքը, թե նկարն ինչպե՛ս է օգտագործվել, ի՛նչ նպատակով ու որքանո՛վ է հնարավոր այդ նպատակը գնահատել՝ որպես ոչ իրավաչափ: Նպատակի փոփոխության դեպքում լրացուցիչ հիմք է անհրաժեշտ, օրինակ՝ ինչ-որ մեկի նկարը օգտագործելու համար պետք է կոնկրետ անձի թույլտվությունը ստանալ:

– Այսինքն՝ եթե կոնկրետ դեպքերում տվյալ անձի, կամ եթե այդ անձը մահացել է՝ նրա ժառանգների կողմից բողոք կա, դուք գործընթաց կսկսե՞ք, պարո՛ն Հայրապետյան:

– Կոնկրետ դեպքով՝ այո՛, ընդհանուր՝ կարող ենք նաև առանց բողոքի իհարկե: Գործակալությունը տարբեր լիազորություններ ունի, օգտվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, բայց կարող է կոնկրետ դեպքում և՛ տվյալների մշակման իրավաչափությունը պարզել, և՛ կարող է միջազգային փորձի ուսումնասիրության շրջանակներում անդրադառնալ նման դեպքերին՝ հայտարարություն տարածել, բայց նկատի ունեցեք մեկ կոնկրետ առանձնահատկություն՝ պետք է նպատակի էական փոփոխություն ունենա:

Եթե ես լրատվամիջոցի հրապարակած նյութը շեյր անեմ իմ էջում ու սրտաճմլիկ ստատուս գրեմ, լայքեր հավաքեմ, որքան էլ այդ կից ստատուսը ցինիկ լինի, խախտում չէ, որովհետև ԶԼՄ-ները ինչ-որ բան հրապարակում են հենց դրա համար, չէ՞, որ մարդիկ տեղեկացված լինեն ու կարծիք արտահայտեն: Իսկ եթե նկատել եք դեպք, որ ինչ-որ մեկի նկարը վերցնում ու օգտագործում են գովազդի համար, դա արդեն խնդիր է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am