«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի գանձերը. Տիգրանակերտ. լուսանկարներ

07/11/2020

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավարևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն:

Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

5 տարվա հնագիտական հետազոտության արդյունքում կարելի է խոսել հելլենիստական ամրաշինական ու քաղաքաշինական առաջադեմ կառուցապատումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայրի մասին, որը հիմնադրվելով մ.թ.ա. 1-ին դարում՝ հարատևել է մինչև 13-րդ դարի վերջերը: Տիգրանակերտը բաղկացած է եղել լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդների տեսքով փռված, հզոր պարիսպներով շրջափակված ընդարձակ (մոտ 6 հա) Ամրացված թաղամասից, հարթավայրում փռված քաղաքային թաղամասերից, գերեզմանոցներից և ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններից: Քաղաքն ամբողջովին կառուցվել է տեղական կաթնագույն կրաքարից:

Պեղումներով բացվել են նաև քաղաքի վաղքրիստոնեական հրապարակը` երկու եկեղեցիներով, դամբարանով, տապանաբակով: Մի քանի հազարի հասնող հնագիտական գտածոների մեջ առանձնանում են շքեղ խեղեցեն անոթները, պարթևական դրամները, սասանյան կնիքները, 5-7-րդ դարերի հայերեն արձանագրությունները: