«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհրաժեշտ է փոխել կառավարման մոդելը

10/11/2021

Lragir.am–ի զրուցակիցն է հանրային քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությունը հայտարարել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դիմադրության շարժում սկսելու մասին: Այս օրակարգը կարո՞ղ է հանրային մոբիլիզացիա իրականացնել:

Ես չեմ հետևել հանրահավաքին, չեմ հետաքրքրվել, թե ինչ հռետորաբանություն են օգտագործել և ինչ կետեր են առաջ քաշել: Այնպես որ այդ հարցին կդժվարանամ պատասխանել:

Ի՞նչն է այդ անտարբերության պատճառը, չեք վստահում հրապարակում կանգնած քաղաքական ուժերին ու նրանց առաջ քաշած օրակարգի՞ն:

Անտարբերություն չասեմ, բայց Հայաստանի առջև ծառացած այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ, և այն մարտավարությունը, որը մինչև հիմա կիրառել է խորհրդարանական ընդդիմությունը, անհամատեղելի են և այդ ընդդիմության կոչվածի կատարած քայլերը միտված չեն այդ խնդիրները լուծելուն, այլ միտված են դրանք ավելի խորացնելուն: Դրա համար չեմ հետևում առհասարակ, թե ինչ են անում: Ավելի լավ է ես անեմ այն, ինչ ճիշտ եմ գտնում այդ խնդիրները լուծելու ճանապարհին, քան նստեմ, ժամանակ վատնեմ ուրիշների արածներին հետևելու վրա:

Երեկ Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարը, Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման և փաստաթուղթ ստորագրելու մասին են խոսում: Ցանկացած հնարավոր փաստաթղթի ստորագրում կարո՞ղ է հանրությանը ոտքի հանելու համար բավարար հիմք լինել:

Բնականաբար, չի կարող ցանկացած փաստաթղթի ստորագրում նման հետևանքներ ունենալ, որովհետև այդ հետևանքները՝ ժողովուրդը ոտքի կանգնի, դուրս գա փողոց, կախված կլինի այդ փաստաթղթի բովանդակությունից: Քանի դեռ մենք չգիտենք՝ ինչ փաստաթուղթ կարող է լինել, դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կունենա և ինչքանով ժողովուրդը դրան դեմ կգնա: Այդ առումով կարելի է ֆիքսել հետևյալը, որ մինչև հիմա այն հայտարարությունները կամ այն մտավախությունները, որոնք հնչել են փողոցում, արտախորհրդարանական և խորհրդարանական որոշ ուժերի կողմից, որ իբր իրենք որոշ բաներ գիտեն, ըստ որոնց պատրաստվում են Հայաստանի համար ինչ-որ շատ վատ փաստաթուղթ ստորագրել, դեռևս ոչ մի կերպ չի հիմնավորվել: Նոյեմբերի 9-ի հանդիպման վերաբերյալ լուրեր էին տարածում, բայց այդ հանդիպումն էլ տեղի չունեցավ:

Պարոն Միսկարյան, ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների մեկնարկ է տրվել: Նախարարը հանդիպում է թե քաղաքական ուժերի, թե ՀԿ հատվածի ներկայացուցիչների հետ, օրակարգ են մշակում: Դուք մասնակցո՞ւմ եք այդ քննարկումներին, և առհասարակ, ինչ կարծիք ունեք:

Ես այդ հանդիպումներից ու քննարկումներից տեղյակ չեմ: Սահմանադրական բարեփոխումների շուրջ խոսակցությունները նոր չեն, դրանք 2 տարի շարունակվում են: 2018 թվականի դեկտեմբերի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվեց աշխատանքային խումբ, որ պետք է զբաղվեր դրանով, որը կարծեմ արդեն լուծարել են: Հիմա երևի ինչ-որ նոր տարբերակ է մշակվում: Կարևոր է, թե ինչպես են իրականացվելու այդ փոփոխությունները, այսինքն ինչպես են մշակվելու դրանք և ինչպես են մատուցվելու հանրությանը: Եթե դա լինելու է նույն տրամաբանությամբ, ինչ կար նախկինում, ապա ես մեծ սպասելիքներ չունեմ և մեծ հույսեր չեմ կապում: Բայց եթե այլ ձևաչափով այլ մոտեցումներ ընդունվեն, որ ավելի ներառական լինի և ավելի համապարփակ քննարկում ծավալվի սահմանադրական փոփոխությունների շուրջ, ապա ես միայն կողջունեմ:

Կառավարման համակարգի փոփոխություն պե՞տք է տեղի ունենա սահմանադրական բարեփոխումների արդյունքում:

Իմ կարծիքով, այո, մեզ անհրաժեշտ է փոխել կառավարման մոդելը: Ես ավելի հակված եմ ոչ թե նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնել, ինչի շուրջ այս պահին խոսակցություններ են ընթանում, այլ ավելի շատ շվեյցարական կառավարման մոդելին եմ ես կողմնակից, որտեղ միանձնյա կառավարիչ չկա, ոչ որպես նախագահ, ոչ որպես վարչապետ: Այդ համակարգում առաջին պաշտոնատար անձը տարին մեկ փոխվում է:  Ես կոլեգիալ կառավարման կողմնակից եմ: