«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներից տեղեկացրել են, որ ՀՀ-ի առաջարկները փոխանցվել են Բաքվին՝ առայժմ պատասխան չունենք

23/03/2022

Հայաստանը արդյոք արձագանք ստացե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին ի պատասխան: Դուք նաև նշել եք, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի 5-կետանոց առաջարկներին: Արդյոք ունե՞նք արձագանք Ադրբեջանից՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն ուղղեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Այն բանից հետո, երբ մենք ասացինք, որ պարզ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ էին: Գնահատականն այնպիսին էր, որ Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում ՀՀ-ի համար անընդունելի ոչինչ չկա:

Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը: Համապարփակ խաղաղության համար մենք լրացրել, համալրել ենք օրակարգը մեր առաջարկներով, փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Բաքվից առայժմ պատասխան չունենք:

«Մեր առաջարկների մեխերից մեկն այն է, որ մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ ԼՂ հայության իրավունքների և կարգավիճակի հարցը»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանն ավելացրեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ համանախագահության աշխատանքները:

«Միաժամանակ, ելնելով շատ որոշակի ազդակներից և ուղերձներից, որ ես եմ ստացել և՛ համանախագահ երկրներից, և՛ բազմաթիվ այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ձևաչափում: Սա բավականին հուսադրող է: Ամենօրյա աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք ՄԽ համանախագահության առաջ նոր քննարկումներ կազմակերպել»,- ասաց Միրզոյանը: