«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանով ճանապարհի մասին Բայրամովի ասածը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է ՀՀ տարածքով միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու իր նկրտումներից

12/08/2022

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու նպատակով Իրանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստվում է հրաժարվել Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու իր նկրտումներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Իրանի տարածքով ճանապարհ Նախիջևանի հետ այսպես թե այնպես Ադրբեջանը ունի, հիմա պատերազմի ընթացքում Արցախի հարավային օկուպացված շրջաններից Ադրբեջանը ավելի կարճ ճանապարհ է փորձում կառուցել: Դրա մասին Ադրբեջանի իշխանությունները բավականին վաղուց են հայտարարել, ուղղակի այստեղ այլ հարց կա, որ  նշված հանգամանքը փորձում են օգտագործել Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար, որ տարանցիկ ճանապարհը կլինի Իրանի տարածքով, Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանային նախագծերից, և փորձում են դրա միջոցով հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ համաձայնության գալու այսպես կոչված « Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնչեցրել է սպառնալիք Հայաստանի հասցեին` հայտարարելով, որ Հայաստանը ուզի, թե չուզի  այդ միջանցքը բացվելու է:

«Նշված գաղափարից ադրբեջանական կողմը չի հրաժարվել, դա իրենց համար առաջին հերթին քաղաքական նպատակ է, Թուրքիայի համար՝ ևս: Այլ հարց է, որ  նրանք փորձում են դիվերսիֆիկացիա իրականացնել և ունենալ ավելի կարճ ճանապարհ Իրանի տարածքով ու ևս մեկ ճանապարհ Հայաստանի տարածքով»,- հավելեց Հովհաննիսյանը։

Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Ադրբեջանի  հետ Նախիջևանի միակ կապը եղել է ու կա Իրանի տարածքով, իսկ վերջին պայմանավորվածությունները պարզապես պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից նոր ճանապարհի կառուցման մասին են։

«Այսինքն՝ այստեղ որևէ նորություն չկա, պարզապես ավելի մատչելի և նպաստավոր կապուղիներ են փորձում ձևավորել: Եվ դա փորձում են որպես շանտաժի միջոց օգտագործել Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Այսինքն, եթե Հայաստանը չտրամադրի միջանցքային տրամաբանությամբ ճանապարհը Ադրբեջանին, ապա դուրս կմնա տարածաշրջանում ընթացող կապուղիների ապաշրջափակման գործընթացից և կմնա դարձյալ մեկուսացված, Ադրբեջանն էլ կշարունակի իր կապը Իրանի ճանապարհով։

Ադրբեջանի հռետորաբանության մեջ որևէ փոփոխություն չկան, և նրանք դեռևս շարունակում են Հայաստանից պահանջել ապաշրջափակումը հենց միջանցքային տրամաբանությամբ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարել էր, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։