«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետխորհրդի անդրանիկ նիստը

14/06/2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի անհատական կազմում ընդգրկվել են ինչպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ, որոնք նիստին մասնակցել են հեռավար ձևաչափով:

«Հատկապես պատերազմից հետո Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ է խորհուրդը ձևավորվել՝ միավորելու հայկական զույգ պետությունների պետական մարմինների և փորձագիտական շրջանակների ջանքերը: Խորհրդի գործառույթներից են մեր մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների ու հանցագործությունների մշտադիտարկումն ու արձանագրումը, միջազգային տարբեր հարթակներում իրավաքաղաքական, գիտական ու տեղեկատվական մեխանիզմներով փաստերի ներկայացումը՝ կանխարգելման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում մշակութային ցեղասպանության պետական քաղաքականությունն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական գործունեությունը՝ պետական նախարարն ընդգծել է, որ Խորհրդին սպասվում է ծավալուն ու համակարգված աշխատանք՝ նպատակ ունենալով օգտագործել պետական, փորձագիտական ու հանրային բոլոր կարողունակ շրջանակների ներուժը դրված նպատակների համար:

Նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների ծրագիրն ու հստակեցվել աշխատանքային առանձին ուղղությունները: