«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում ընտրությունները կրկին կանցկացվեն առանց ԵԽԽՎ դիտորդների

24/07/2024

Հայտնի է դարձել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում  կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրված միջազգային կազմակերպությունների ցանկը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցանկում բացակայում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Մինչ այս ԵԽԽՎ-ն չէր հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու նաև փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտորդական առաքելության համար հրավերներ է ուղարկել յոթ միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ, Իսլամական Համագորակցության կազմակերպություն, ԳՈՒԱՄ, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպություն, Շանհայի համագործակցության կազմակերպություն, Թյուրքական պետություների կազմակերպություն։

Միլլի Մեջլիսն էլ հրավիրել է 13 կազմակերպությունների՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ ՄԽՎ Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարական վեհաժողովը,  Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միությունը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, ԳՈՒԱՄ-ի ԽՎ-ն, Ասիական խորհրդարանական վեհաժողովը, Համաաֆրիկյան խորհրդարանը, Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական կազմակերպությունը, Արաբական խորհրդարանը, Խորհրդարանականների միջազգային կոնգրեսը, Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովը։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է սահմանադրությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/795137.html

© factor.am