«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելացել, այդ ամենին հակառակ` շարունակաբար աճում են գները. Պարսյան

10/05/2021

Հայաստանում սննդամթերքի կտրուկ թանկացումը հարուցում է փորձագիտական շրջանակների անհանգստությունը։ Բնակչության իրական եկամուտները մնացել են նույնը, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքները հետևողականորեն թանկանում են։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` գնաճը նպաստում է քաղաքացիների հետագա աղքատացմանը։ 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականի ապրիլից կյանքը Հայաստանում թանկացել է 6,2 տոկոսով, իսկ 2021 թվականի մարտից հետո` 1,3 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ` սննդամթերքի գներն աճել են 8,3 տոկոսով, մյուս ապրանքներինը` 8,5 տոկոսով։ Ռեկորդային գնաճի ցուցանիշ է գրանցվել բուսական յուղի (73,5 տոկոս) և շաքարի (41 տոկոս) պարագայում։ Ապրիլի տվյալներով` ձուն թանկացել է 55,7 տոկոսով, մրգերը` 10,4 տոկոսով։

«Թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելացել, և այդ ամենին հակառակ` շարունակաբար աճում են գները։ Դա նշանակում է, որ անխուսափելիորեն տեղի կունենա բնակչության հետագա աղքատացում։ Ներկա գնաճն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջին հերթին հարկ է նշել համաշխարհային շուկայում արձանագրված գնաճը, իսկ Հայաստանը լինելով ներկրող երկիր` ուղղակիորեն կախված է համաշխարհային գների տատանումից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։  

Տնտեսագետի խոսքով` Հայաստանը պետք է ժամանակին մտածեր պարենային անվտանգությունն ապահովելու մասին, մինչդեռ վերջին տարիներին իշխող է եղել այն մոտեցումը, ըստ որի` ավելի հեշտ ու մատչելի է ներկրել, քան արտադրել տեղում։ Երկրի իշխանությունները նախորդ տարիներին անտեսեցին գյուղատնտեսության ոլորտը` նրան չհատկացնելով պատշաճ ուշադրություն։ Պարսյանն ընգծում է, որ ներկա գնաճը պայմանավորված է նաև գյուղատնտեսության անկմամբ։ Ներքին արտադրության ծավալներն ակնհայտորեն բավարար չեն, չօգնեցին նաև պետական սուբսիդավորման ծրագրերը։ Գործող կառավարությանը երբեք չի հետաքրքրել գյուղատնտեսական վարկերի արդյունավետությունը, վերոհիշյալ ծրագրերը կիրառվել են պարզապես նշումառության համար, ասում է տնտեսագետը։     

Փորձագետը նկատում է, որ անցյալ տարի շատ ֆերմերներ վերցրել էին անտոկոս վարկեր, սակայն այդ միջոցները ծախսվել են կենցաղային կարիքների, այլ ոչ թե արտադրության զարգացման համար։ Եթե ներդրումները լինեին հասցեական ու նպատակային, ապա գյուղատնտեսության ոլորտում նման անկում չէր գրանցվի։

Սուբյեկտիվ բնույթի մյուս պատճառն, ըստ Պարսյանի, սննդամթերքի շուկայում առկա մենաշնորհների առկայությունն է։ Ճգնաժամի պայմաններում շուկայի մոնոպոլիզացումն ավելի է բարդացնում իրավիճակը, և եթե նույնիսկ կա 1-2 տոկոս օբյեկտիվ արժեզրկում, մոնոպոլիզացիան կրկնապատկում ու եռապատկում է այդ արժեզրկումը։ 

Պարսյանը կարծիքով`ստեղծվել է աննորմալ իրավիճակ, երբ մթերքի մեծածախ ներկրողները զբաղված են նաև մանրախած առևտրով, ինչն աղճատում է շուկայի ընդհանուր պատկերը, և արդյունքում ամբողջական շղթան հայտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր ստանում են գերշահույթ։  

Մոնոպոլիստներն առանձին դեպքերում իրականացնում են նաև դեմպինգ` աղքատացնելով և խաղից հանելով ավելի փոքր մրցակիցներին։ Որպես օրինակ, Պարսյանը վկայակոչում է ձվի գնի կտրուկ էժանացումը երկու տարի առաջ։ Այն ժամանակ գինը 60 դրամից հասավ 20 դրամի։ Գործող իշխանությունն այդ հանգամանքը ներկայացրեց որպես նվաճում, սակայն այդ դեմպինգի արդյունքում հարյուրավոր փոքր ֆերմերներ և արտադրողներ սնանկացան, հետևաբար՝ երբեք չի կարելի առաջնորդվել կարճաժամկետ շահերով և օգուտներով։ Նույնը կատարվեց նաև շաքարի պարագայում։ Այդ ապրանքատեսակի գնի իջեցումը նույնիսկ ներառվեց Հայաստանին առնչվող 100 ձեռքբերումների մեջ, որոնք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսյան ասուլիսի ժամանակ։ Այդուհանդերձ տեղի ունեցավ շուկայի վերջնական մոնոպոլիզացում, և այս տարվա ապրիլին շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեց 41 տոկոսով։     

«Կարող եմ հավաստել, որ համաշխարհային շուկայում շաքարի գինը 41 տոկոսով չի աճել»,– ասաց տնտեսագետը և հավելեց, որ հակամենաշնորհային կառույցներն այդ ֆոնին չեն ձեռնարկում շուկան կարգավորող քայլեր։