«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ Ռուբեն Վարդանյանին. Աֆեյան

02/10/2024

Ես Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ մոտ 25 տարի և կարող եմ պատասխանել, թե ով է Ռուբեն Վարդանյանը: Այս մասին «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ,  որի ընթացքում հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը, ասաց հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Նրա մասին տեղեկությունները, որ ունեմ, բացառապես իր ընտանիքից են, որովհետև Բաքու արտոնել է կարճ խոսակցություններ Վարդանյանի հետ: Այդ խոսակցությունների ժամանակ սահմանափակ ձևով ինքը բացատրել է իրավիճակը և մտահոգությունները, որ ունի:

Անշուշտ, մենք բավականին մեծ ջանք ենք գործադրում, որ օգնենք նրա ազատ արձակմանը, աշխատում ենք իրավաբանների, միջազգային ընկերությունների հետ: Աշխարհը ցինիկ է դարձել ինչ-որ առումով, մի կողմից ասում են, որ կարևոր է արդարությունը, մjուս կողմից էլ ասում են՝ լավ, եթե կարող ենք, խաղաղություն հաստատենք: Բայց անկարելի է անարդարության վրա հիմնված  խաղաղություն ունենալ:

Բոլորն էլ մեզ ասում են, որ շատ լավ գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարություն չհաստատվի: Վստահ եմ, որ կառավարությունը աշխատում է, որ  մեր բանտարկյալներն ազատ արձակվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, Աֆեյանն ասաց.

«Վստահ եմ այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին, նա պարզապես միջնորդ դարձավ և իմանալով, որ վտանգի տակ է դնում իրեն, Արցախ գնաց, որ օգնի ժողովրդին»,- ասաց Նուբար Աֆեյանը: