«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քուրդ-արաբական դաշինքն այն ուժն է, որը կկասեցնի Թուրքիայի նեոօսմանական երազանքները

26/10/2021

«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը պատասխանել է արաբալեզու «Al Nahar» թերթի հարցերին։ Նա ընդգծել է քուրդ-արաբական հարաբերությունների կարևորությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Քուրդ-արաբական հարաբերությունների մասին հարցին Բայըքը պատասխանել է. «Մենք նպատակադրվել ենք արաբաքրդական դաշինք ձևավորել: Մենք ամեն առիթով դրա մասին հայտարարել ենք: Դրա հեռանկարը արտահայտել ենք թե՛ դիվանագիտական ուսումնասիրությունների մեջ և թե՛ ներկայացրել ենք համապատասխան կառույցներին: Որոշ զարգացումներ եղան: Սակայն այդ զարգացումները չեն արտացոլում առկա ողջ հնարավորությունները: Քուրդ-արաբական դաշինքի համար նաև պատմական ամուր հիմք կա»:

Բայըքը նաև նշել է, որ Իրաքում քրդական խնդիրը մեծապես լուծված է, և նրա կարծիքով՝ նույնը տեղի կունենա նաև Սիրիայում։ Քուրդ գործչի կարծիքով սրանք այն հիմքերն են, որոնք կամրապնդեն քուրդ-արաբական դաշինքը։ Ըստ Բայըքի մեկնաբանության՝ քրդական խնդրի ժողովրդավարական ճանապարհով լուծումից զատ իրենք այլ թաքնված օրակարգ չունեն:

Քուրդ գործիչը նաև հավելել է.

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ քրդական քաղաքական ուժերը ավելի ակտիվ գործեն քուրդ-արաբական միասնության զարգացման գործում ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում։ Քրդերը պետք է հաղթահարեն նեղ ազգայնական մոտեցումները Բաղդադում և Դամասկոսում: Որովհետև քուրդ-արաբական դաշինքի հիմքը դրված է առաջին հերթին Իրաքում և Սիրիայում։ Սա փոխում է Մերձավոր Արևելքի դեմքը: Այն ուժը, որը կասեցնելու է թուրքական պետության նեոօսմանյան երազանքները, քուրդ-արաբական դաշինքն է։ Թուրքական  կառավարության 19-ամյա քաղաքականությունը ցույց տվեց այս իրողությունը թե՛ քրդերին, թե՛ արաբ ժողովուրդներին»։