«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքացիական դատավարության հիմնախնդիրները Հայաստանում․ Վարդ Եսայան

25/04/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդ Եսայանը

- Հաշվի առնելով վիճակագրական տվյալներն այն մասին, որ մեր երկրում բավական շատ են քաղաքացիական դատավարության դեպքերը՝ այսօր մեր զրույցը նվիրենք քաղաքացիական դատավարության հիմնախնդիրներին։ Պարզենք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքացիական դատավարության իրավունքը և ինչպե՞ս է այն իրացվում ՀՀ քաղաքացիների կողմից։
- Քաղաքացիական դատավարության իրավունքը իրավանորմերի համակցություն է, որը սահմանում է քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը, կարգավորում՝ քաղաքացիական գործերով դատական գործունեության, վարույթի մասնակիցների գործողությունների արդյունքում կազմավորվող իրավահարաբերությունները: Քաղաքացիական դատավարության իրավունքի կարգավորման օբյեկտը հենց ինքը՝ քաղաքացիական դատավարությունն է, այսինքն՝ քաղաքացիական գործերով դատավարության բնագավառի հասարակական հարաբերությունները: Քաղաքացիական դատավարությունը քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության ձև է: Այսպես, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ ըստ ՀՀ գործող ՔԴՕ 3-րդ հոդվածի, յուրաքանչյուր անձ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Այսինքն՝ սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության դատական ձևն իրականացվում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնմանն ու պաշտպանությանն ուղղված պահանջի՝ դատավարության օրենքով սահմանված կարգով քննության և լուծման միջոցով։

- Ովքե՞ր են քաղաքացիական դատավարության մասնակիցները։

- Քաղաքացիական դատավարության սուբյեկտները սուբյեկտիվ դատավարական իրավունքներ և պարտականություններ կրողներն են: Շահագրգռվածության բնույթով պայմանավորված՝ քաղաքացիական դատավարության սուբյեկտները բաժանվում են երեք խմբի․

  • Սուբյեկտներ, որոնք լուծում են վեճը: Դրանք են առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը:
  • Գործին մասնակցող անձինք: Նրանք դատավարական իրավահարաբերության հիմնական մասնակիցներն են, որոնք գործի ելքում ունեն նյութաիրավական և դատավարական շահ, որի ուժով օրենսդրությամբ օժտված են վարույթի շարժման վրա ազդելու իրավունքով:
  • Վեճը լուծելու հարցում դատարանին օժանդակող անձինք: Այս խմբի մեջ են մտնում փորձագետները, վկաները, թարգմանիչները: Վերջիններս գործի ելքում չունեն իրավաբանական շահ, քանի որ վճիռը նրանց իրավունքների կամ պարտականությունների վրա չի կարող ազդել:

Իրավաբանական շահի բնույթով պայմանավորված գործին մասնակցող անձինք ևս բաժանվում են երկու խմբի․

  • Առաջին խմբի մեջ մտնում են գործում անձնական նյութաիրավական շահ ունեցող անձինք. Նրանք են՝ կողմերը, երրորդ անձինք, հատուկ վարույթի գործերով դիմողները և շահագրգռված անձինք:
  • Երկրորդ խմբի մեջ մտնող անձինք գործի ելքում չունեն անձնական նյութաիրավական շահ, փոխարենը ունեն ծառայողական կամ հասարակական շահ: Նրանց թվին են պատկանում պետության գույքային շահերի պաշտպանությամբ հայց հարուցած դատախազը, այլ անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությամբ հայց հարուցած պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները և այլն:      

- Ի՞նչ հիմնախնդիրներ կառանձնացնեիք՝ կապված քաղաքացիական դատավարության ժամկետերի շուրջ։
- Քաղաքացիական գործերը ժամանակին քննելը և լուծելը քաղաքացիական դատավարության հիմնական խնդիրներից մեկն է: Բացի այդ, գործին մասնակցող անձանց համար կարևոր նշանակություն ունեն ոչ միայն իրենց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությունը, այլ նաև այդ պաշտպանությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ հիմնական օրենքի, 2015թ. Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: 
Դատավարական ժամկետների պահպանումը նպաստում է դատական քաշքշուկը բացառելուն, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանը և որոշակիությանը, որը վերջին հաշվով ապահովում է դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի ռեալ պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը: Յուրաքանչյուր դատավարական գործողություն իրականացվում է կա՛մ օրենքով սահմանված, կա՛մ դատարանի կողմից նշանակված, կա՛մ էլ ողջամիտ ժամկետներում: Դատավարական օրենսդրությունը չի տալիս դատավարական ժամկետի լեգալ բնորոշումը: Այն կարելի է դիտարկել, որպես օրենքով սահմանված կամ դատարանի կողմից նշանակված որոշակի ժամանակամիջոց, որի ընթացքում դատավարության մասնակիցները իրականացնում են դատավարական գործողություններ և կատարում դատավարական պարտականություններ։ Յուրաքանչյուր գործողություն սահմանափակվում է որոշակի ժամկետով: Իսկ ժամկետների սահմանումը և պահպանումը նաև իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք է: Եվ վերջիվերջո, ինչպես արդեն նշվեց, դատավարական ժամկետների սահմանումը և պահպանումը անհրաժեշտ է կողմերի իրենց դատավարական իրավունքների չարաշահումները բացառելու, ինչպես նաև նյութական իրավահարաբերություններին որոշակիություն և հստակություն հաղորդելու նպատակով: Ինչպես գիտենք, քաղաքացիական դատավարության հիմնական խնդիրը ոչ թե քաղաքացիական գործի արագ, այլ այն ճիշտ և ժամանակին, այսինքն՝ օրենքով սահմանված դատավարական ժամկետներում քննելն ու լուծելն է: Այս դեպքում, դատավարական ժամկետների ինստիտուտը ուղղված է ոչ միայն դատավարության կարգավորմանն ու արագ և արդար դատաքննություն ապահովելուն, այլ նաև, որպես հետևանք, իրականացնում է քաղաքացիական դատավարության հիմնական խնդիրը:

 
- Դատական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ կողմերը գալիս են հաշտության։ Հաշտության համաձայնության ի՞նչ տեսակներ կան քաղաքացիական դատավարությունում։
- Նախ նշեմ, որ քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքն առավել ցայտուն արտահայտվում է դատարանի վարույթում գտնվող վեճը հաշտության համաձայնությամբ ավարտելու կողմերին վերապահված հնարավորության մեջ: Կողմերի տնօրինչական այս գործողությունն ուղղված է գոյություն ունեցող վիճելի իրավական հարաբերության կամավոր կարգավորմանը: Հարկ է նկատել, որ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաշտության համաձայնության հաստատման հիմքով հարուցված գործերի վարույթը կարճելու դեպքերը բավականին տարածված են ՀՀ-ում: Ինչ վերաբերում է հաշտության համաձայնության տեսակներին, ապա նշեմ, որ դատական պրակտիկայում առանձնանում են հաշտության համաձայնության երկու՝ դատական և արտադատական տեսակները: Ընդսմին, հաշտության համաձայնությունը կարող է կնքվել և´ դատական, և´ արտադատական կարգով: Միայն դատարանի կողմից հաստատվելուց հետո է, որ հաշտության համաձայնությունը ձեռք է բերում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և հիմք հանդիսանում հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունների հարկադիր կատարման համար:

- Ի՞նչ կասեիք հեռակա դատաքննության ինստիտուտի մասին․ արդյո՞ք այն մեր երկրում կիրառելի է։
- Աշխարհի շատ երկրներ, բախվելով քաղաքացիական գործերի ծավալների կայուն դինամիկ աճի և որպես հետևանք նաև՝ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին, մշակել և ներդրել են դատավարական տարաբնույթ կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս կրճատել գործերի քննության տևողությունը, խնայել դատական համակարգի ռեսուրսները և նվազեցնել դատարանների բեռնվածությունը: ՀՀ նախագահի 30.06.2012 թ. թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրով արդարադատության մատչելիության և ողջամիտ ժամկետներում գործի արդարացի դատական քննության իրավունքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը հռչակվեց որպես բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը, իսկ Ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկում նախատեսվեց նաև դատական քննության պարզեցված ընթացակարգերի կատարելագործումը: Ի կատարումն Ռազմավարական ծրագրի պահանջների` ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանձնացվեց «Պարզեցված ընթացակարգեր» ենթաբաժին, որի առանձին գլուխներով նախատեսվել և կարգավորվել են չորս վարույթներ, այդ թվում՝ հեռակա դատաքննությունը, որը, ի տարբերություն արագացված դատաքննության և կարգադրության վարույթի, ՀՀ նախկին ՔԴՕ-ի նորմերով նախատեսված չէր և որոշակի առումով նորույթ էր ՀՀ դատավարական օրենսդրության համար: 
Հեռակա դատաքննության ինստիտուտի կիրառումը հետապնդում է մի շարք նպատակներ, որոնցից ամենակարևորն այն է, որ հեռակա դատաքննությունը մի կողմից նպաստում է քաղաքացիների և կազմակերպությունների սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության երաշխիքների մեծացմանը (տնօրինչականության սկզբունք), մյուս կողմից` իրենց սուբյեկտիվ դատավարական իրավունքների չարաշահման նվազեցմանը և այդ չարաշահման համար համապատասխան պատասխանատվություն սահմանելուն: Այսինքն` կարելի է ասել, որ հեռակա դատաքննության ինստիտուտի նշանակությունը այն է, որ`

  • նպաստում է դատական գործի արագ քննությանը,
  • նպաստում է գործին մասնակցող անձանց՝ իրենց գործողությունների (անգործության) համար պատասխանատվության մակարդակի բարձրացմանը,
  • նպաստում է դատավարական քաշքշուկների, ինչպես նաև պատասխանողի կողմից դատավարական պարտականությունների չարաշահման նվազեցմանը:

Այս ինստիտուտը առկա է մի շարք իրավական համակարգերում: Տարբեր անվանումներով (օրինակ՝ հեռակա վարույթ, դեֆոլտային վարույթ և այլն) և որոշակի առանձնահատկություններով այն հաջողությամբ կիրառվում է նաև ԱՄՆ-ում, Անգլիայում և Ուելսում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, ՌԴ-ում, Ուկրաինայում և այլ երկրներում: 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am