ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր. Բալասանյան
Ադրբեջանը երբևէ չի կարողացել ապացուցել, որ Խոջալուում ցեղասպանություն է եղել: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Անհետ կորածների թվեր են կրակում, որոնք իրականությանը մոտ չեն։ Ադրբեջանը սա շահարկում է որպես քաղաքական թեմա»։
Բալասանյանն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին. «Նիկոլը սկսել է մի այնպիսի գործընթաց... այս մոլորակի վրա առաջին անգամ Նիկոլը Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում է սկսել։ Ցույց տվեք աշխարհում մի այդպիսի փորձ, այդ փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու, չեն էլ լսելու ու նայելու»։
Լրագրողները հարց ուղղեցին նաև՝ կապված իշխանության այն դիրքորոշման հետ, որ Արցախի իշխանություններն են հանձնել Արցախը: Այս առնչությամբ Բալասանյանն ասաց, որ եթե հիմքեր ունեն, ապա թող քրեական գործեր հարուցեն:
«Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր,- նշեց նա:
Իսկ հարցին, թե այժմ Հայաստանում ինչո՞վ է զբաղվում ինքը, Բալասանյանն ասաց․ «Ազատ քաղաքացի եմ։ Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի՝ ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում: Ես բացառում եմ այս իշխանությունների հետ աշխատելը»: