«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

25/01/2023

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով: 2021-ի համեմատ կոմբինատն ավելի քան կրկնապատկել է հարկերի չափը։

Կոմբինատի կողմից հարկերի այսպիսի մեծացումը ենթադրաբար կապված է միջազգային շուկայում պղնձի բարձր գնի հետ։ Բացի այդ, կառավարությունը 2021-ից հանքարդյունաբերողների համար սահմանել էր պղնձի, մոլիբդենի ու ֆեռոմոլիբդենի համար արտահանման տուրք։ Սա իր հերթին նպաստել է ԶՊՄԿ-ի կողմից հարկերի ավելացմանը։ Սրան պետք է գումարել նաև 15 միլիարդ դրամի վերականգնումը, որ իրականացրել է պղնձամոլիբդենայինը՝ ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով (ընկերությունը 2021-ին վճարել էր 47,8 միլիարդ դրամ):

Վճարած հարկերի մեծությամբ երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

Խոշոր հարկատուների տասնյակում կան ծխախոտի արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ ու վաճառքով զբաղվող 4 ընկերություն («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «Ջեյ թի այ Արմենիա»), 2 հանքարդյունաբերական ընկերություններ՝ հանձինս ԶՊՄԿ-ի և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի։ Վերջինի վճարած հարկերը 2022-ին աճել են մոտ 300 տոկոսով (2021-ին Ագարակի պղնձամոլիբդենայինը վճարել էր 6,6 միլիարդ դրամ հարկ, 2022-ին հասել են 19,6 միլիարդի): Հազար խոշորների ցանկի տասնյակում է նաև կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը՝ վճարած մոտ 16 միլիարդ դրամ հարկերով, ինչպես նաև վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ մոտ 17 միլիարդ դրամով։

Հարկերի տպավորիչ աճ է արձանագրել բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն։ Ընկերության հարկերի ծավալը 2021-ի համեմատ քառապատկվել է ու կազմել 17,5 միլիարդ դրամ։

2022-ի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում է «Պռոշիան ընդ փարթներս» ՍՊԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարեկան արդյունքներով վճարել է 261 միլիոն դրամ հարկ։