«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"Ոչ բոլոր մուսուլմաններն են ահաբեկիչներ և ոչ բոլոր ահաբեկիչներն են մուսուլման". արաբագետ Սարգիս Գրիգորյան

26/10/2021

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ դոցենտ, պ․գ․թ․, արաբագետ Սարգիս Գրիգորյանը․

- Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ այսօր մեր հյուրը լինելու և իսլամական ահաբեկչությանն առնչվող խնդիրների մասին Ձեր մասնագիտական կարծիքը կիսելու համար։ Կխնդրեի անդարադառնալ այն գաղափարական սկզբունքներին, որոնք ծնում է իսլամական ահաբեկչությունը։

- Ես նույնպես շնորհակալ եմ զրույցի հրավերի համար։ Գաղափարական հենքը նա էր, որ դեռևս 20-րդ դարի վերջին նկատվեցին նոր իրողություններ, որոնք նպաստեցին իսլամական արմատականության տարածմանը։ Դրա պատճառներն իրենց հերթին թաքնված էին 1970-ական թթ․ ֆինանսական ճգնաժամերի, Իրանի իսմալական հեղափոխության և աֆղանական պատերազմի մեջ։ Գաղափարական հենքն էլ դրսևորվեց այն ակտիվ մարդկանցով, իսլամականներով, որոնք փորձեցին ստեղծված իրավիճակում օգուտներ քաղել։

- Որքանո՞վ են փոխկապակցված իսլամական արմատականությունը և ահաբեկչությունը։
- Այդ երկու հասկացությունները փոխկապակցված են այնքանով, որ մեդիա դաշտում մենք անընդհատ խոսում ենք իսլամական ահաբեկչության մասին, ինչը, ըստ իս, սխալ է, քանի որ ահաբեկչությունը չունի որևէ կրոնական, ռասայական կամ ազգային պատկանելիություն, ահաբեկչությունը ահաբեկչություն է։ Կա մի էսպիսի արտահայտություն․ <<Ոչ բոլոր մուսուլմաններն են ահաբեկիչներ, և ոչ բոլոր ահաբեկիչներն են մուսուլման>>։ Ավելացնենք նաև, որ ահաբեկչությունը որպես պայքարի մարտավարություն ընտրած մուսուլմանների տեսակարար կշիռը  շատ քիչ է ամբողջ իսլամական աշխարհում, ուստի իսլամական անվանել նման բռնի գործողությունները՝ կարծում եմ, սխալ է։

- Թուրքիայի կողմից Արցախյան վերջին պատերազմում ահաբեկիչների ներգրավումը արդյո՞ք բխում էր զուտ իսլամական միասնականության գաղափարից, թե՞ դրա պատճառներն ավելի խորն էին՝ աշխարհաքաղաքական։

- Ահաբեկիչների և զինյալների ներգրավումը ավելի շատ բխում էր Թուրքիայի ռազմաքաղաքական նպատակներից, եթե մանավանդ նշենք, որ այդ պետությունը նման փորձ արդեն ուներ Սիրիայում, Լիբիայում և այլուր, ուստի այս դեպքում այդ փորձն օգտագործեց ի նպաստ իր դաշնակցի՝  ադրբեջանական կողմի։ Նման հաշվարկը հենված էր այն փաստի վրա, որ մարտերի շփման գծում օգտագործեն հենց այդ վարձկան զինյալ-ահաբեկիչներին՝ սեփական բանակի կորուստներից խուսափելու համար։ Մյուս կողմից, իսլամիստները գալիս էին էստեղ գումար աշխատելու, բայց եղել են նաև գաղափարական որոշ դրդապատճառներ հենց այդ ահաբեկիչների կողմից սեփական կամքով ռազմական գործողություններին մասնակցելու համար։

- Անհատնե՞ր, պետություննե՞ր թե ծայրահեղական կազմա­կերպություններն էին, որ Թուրքիայի համար ապահովեցին աննախադեպ թվով ահաբեկիչներ՝ ներառելով նրանց Արցախյան պատերազմի ռազմական գործողություններում։

- Թուրքիան հենվել է թե´ անհատների, թե´ կազմակերպությունների և թե´ առանձին պետությունների վրա, որոնց հետ ունի համագործակցության որոշակի շրջանակ՝ հենց վարձկանների օգտագործման հարցում։ Խոսքն այստեղ գնում է Պարսից ծոցի որոշ միապետությունների մասին, բայց առաջին հերթին Թուրքիային սատարողները եղել են անհատներ և կազմակերպություններ, որոնք աչքի էին ընկել Սիրիայում և հենց նրանց էլ տեղափոխեցին Արցախյան պատերազմի ճակատ՝ հայկական կողմի դեմ կռվելու համար։

- Կա՞ արդյոք  վիճակագրություն, թե տարածաշրջանային հակամարտություններում որչափով է կիրառվել իսլամական ահաբեկչությունը, զինյալ վարձկանները․..

- Թվաքանակի ծավալի վերաբերյալ վիճակագրություն իհարկե կա, կան նաև օրինակներ․ կոնկրետ մեր վերջին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում, ըստ որոշ աղբյուրների ներգրավված են եղել 2500-3000 վարձկան ահաբեկիչներ, սակայն ես հակված եմ այն մտքին, որ նրանց թիվը տատանվել է 1200-1500-ի շրջանակներում, որոնց մեծ մասը բերված էին Սիրիայի հյուսիսից։ Արցախյան պատերազմում ներգրավված են եղել նաև մի քանի  զինված խմբավորումներ, ինչպես օրինակ <<Սուլթան Մուրադ>>, <<Սուլեյման Շահ>>, <<Համզա>> և այլն: Հատկապես խմբավորումների մասով ասեմ, որ սրանք ապացուցված են փաստական հիմքերով՝ համացանցում առկա բաց աղբյուրների կիրառմամբ։

- Ժամանակակից աշխարհը և հատկապես Արևմուտքը, որը մեկ անգամ չէ տուժել իսլամական ահաբեկչություններից, ունի՞ արդյոք դրա դեմ պայքարելու հստակ գաղափարախոսություն և մեխանիզմներ։

- Կարծում եմ արևմտյան ուժային կենտրոնները դեռևս չունեն ո´չ հստակ գաղափարախոսություն, ո´­չ հստակ մարտավարություն և գործիքներ՝ ահա­բեկ­չություն­ների դեմ պայքարելու համար, սակայն այո, օր օրի ահաբեկչությունը դառնում է համաշխարհային սպառնալիք և ենթադրում եմ, որ դրա դեմ պայքարելու համար ինչ-ինչ աշխատանքներ, այնուամենայնիվ, տարվում են։ Ես կարծում եմ հակաահաբեկչական պայքարի արդյունավետության միջոց կարող է դառնալ արևմտյան երկրներում մուսուլմանական համայնքների երիտասարդության հետ տարվող գաղափարական աշխատանքը, արևմտյան երկրները պետք է հասկանան, թե ինչ մոտիվացիա ունի մուսուլման այն երիտասարդը, ով վաղը դառնում է ահաբեկիչ, ու փորձեն վերահսկելի դարձնեն նրանց վարքը։

- Որո՞նք են ՀՀ ազգային գաղափարական հենքերը իսլամական ահաբեկչության դեմ պայքարելու (քանի որ մենք էլ առնչվեցինք դրան և գոնե այս պահին էլ ապահովագրված չենք), եթե չկան՝ ի՞նչ կառաջարկեք Դուք որպես գործողությունների պլան․ ի՞նչ անենք մենք՝ հայերս, հետագա նմանատիպ ահաբեկչություններ կանխելու կամ դրա դեմ արդյունավետ պայքարելու համար։
- Հայաստանը վերջին շրջանում, այո, իսկապես շատ ուղիղ առնչություն ունեցավ ահաբեկչական դրսևորումների հետ, ուստի մենք ավելի կոնկրետ ասելիք և գործողություններ պետք է մշակենք, և այդ իմաստով մենք կարող ենք Արևմուտքին ինչ-որ բան առաջարկենք․․․ինչու՞, քանի որ մեր դիրքերը մի քիչ ավելի լավն են այս իմաստով․ մենք իսլամական երկրներում ունենք համայնքներ, ինչը արևմտյան երկրները չունեն։ Իսլամական երկրների հայ համայնքները հանդիսանում են տեղեկատվական աղբյուրներ, որը ճիշտ օգտագործելու դեպքում, կարող ենք կանխարգելիչ հակաահաբեկչական գործողություններ ծրագրել և դրանով կիսվել մեր արևմտյան գործընկերների հետ՝ բարձրացնելով համատեղ հակաահաբեկչական պայքարի արդյունավետությունը։

Հարցարույցը վարեց՝ "Զորավար Սեպուհ" պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ,

պ․գ․թ, դոցենտ Մարինե Գևորգյանը