«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների զարգացման դինամիկան ԽՍՀՄ փլուզումից առ այսօր․ Լիլիթ Մակարյան

11/04/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, Եվրոպական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Մակարյանը


- Ինչպես գիտենք, վերջին տասնամյակներում մեծապես աճել է հետաքրքրությունը հայկական սփյուռքի ուսումնասիրության նկատմամբ։ Պատճառը միայն այն չէ, որ տարբեր երկրների համայնքներում ապրողների ընդհանուր թիվը շարունակաբար մեծանում է, այլ նաև այն, որ արմատապես փոխվում է նաև սփյուռքի դերակատարությունը։ Անդրադառնանք ԽՍՀՄ փլուզումից  հետո հայրենիք-սփյուռք հարաբերությունների ընդհանուր էության ու զարգացման դինամիկային։

- Շնորհակալ եմ հայկական սփյուռքին անդրադառնալու և արդի հիմնախնդիրները հասարակական լայն զանգվածներին հասու դարձնելու համար: Իրավացի եք, թեև սփյուռքների նկատմամբ Արևմուտքի երկրներում հետաքրքրությունները սաղմնավորվել են 20-րդ դ. 70-80-ական թվականներից և հատկապես  ուսումնասիրության օբյեկտը՝ որպես դասական սփյուռքներ հանդիսանում էին հայկական և հրեական սփյուռքները: Խորհրդային Հայաստանում դեռևս 1960-ականներին արդեն հայկական սփյուռքի վերաբերյալ ուսունասիրություններ կային, իսկ արդեն 21-րդ դարում ոչ միայն արևմտյան գիտական շրջանակների համար, այլև հետխորհրդային հանրապետություններում սփյուռքագիտությունը դարձավ կարևոր հետազոտական ուղղություն: Սփյուռքի դերակատարությունը փոխվում է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ լոկալ և տարածաշրջանային գործընթացներով պայմանավորված, որոնք մի ընդհանուր շղթայում են գտնվում և իրենց ներազդեցությունն են թողնում հայրենիք-սփյուռք առնչությունների վրա: Մասնավորապես, Հայկական սփյուռքը մինչ ԽՍՀՄ փլուզումն այլ խնդիրներ էր ձևակերպել.օժանդակություն էին ցուցաբերում Խորհրդային Հայաստանի վերաշինությանը, ներգաղթի կազմակերպմանը, արտասահմանում հետևողական պայքար էին մղում ցեղասպանության ժխտման թուրքական քարոզչության դեմ, առաջնային օգնություն՝ Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Հայաստանի անկախ հանրապետության ստեղծմամբ՝ հայկական սփյուռքի համար առաջնայինը հայրենիքի անվտանգային հիմնախնդիրներն են, Արցախի հանրապետության ճանաչումը, որը միակ ուղին է միջազգային իրավունքի միջոցով էթնիկ զտման  սպառնալիքի առաջ գտնվող հայ ժողովրդի մի հատվածի անվտանգությունը երաշխավորելու: Ցեղասպանությունից մազապուրծ, իրենց բնօրրանից տեղահանված, տնտեսական կապիտալը կորցրած աշխարհասփյուռ արևմտահայերի սերունդները այս հարցում գերզգայուն են և բոլոր հնարավոր միջոցներով իրենց տագնապն են հնչեցնում: Վերջին շրջանում Հայաստան-սփյուռք հարաբերություններում սառեցում է նկատվում, իսկ ՀՀ իշխանություների հանդեպ ձևավորվել է անվստահություն՝ կապված նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության, 44-օրյա պատերազմում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների ծախսման փաստաթղթային հիմնավորումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունների ոչ հաշվետվողական վարքագծի հետ: Հայկական սփյուռքը, եթե կարելի է պատկերավոր ասել, Հայաստանի արյունատար անօթներից է և կենսական նշանակություն ունեցող հարցերում անտեսել այդ գործոնը, չի բխում մեր ազգային և պետական շահերից: Հայաստանի զարգացման հեռանկարները սփյուռքի հետ ներդաշնակ գործելու մեջ է:

- Հայկական սփյուռքի ո՞ր համայնքներում է հատկապես շեշտված ազգային ինքնության պահպանման հիմնահարցը (ի՞նչ են անում այդ ուղղությամբ)

- Հայկական սփյուռքի բոլոր համայնքներում ինքնության պահպանման հիմնախնդիրներն առկա են, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Արևմուտքի երկրներում, ինչպես նաև մեզ հարևան և հարակից երկրներում: Այս խնդրով տասնամյակներ շարունակ զբաղվել և այդ բեռն իրենց ուսերին են տարել հայոց եկեղեցին, սփյուռքի կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները: Աշխարհաքաղաքական գործընթացներով, աղետներով, պատերազմներով, համաճարակներով պայմանավորված՝ Հայկական սփյուռքում ևս տեղի են ունենում ժողովրդագրական տեղաշարժեր, կայացած համայնքների կազմաքանդումներ, համայնքային վերադասավորումներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի վրա: Այլ կերպ ասած՝ սփյուռքը մաշվում է, որի մասին ահազանգ վերջերս հնչեցրեց նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Հայկական սփյուռքը Հայաստանի համար ունի և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքական նշանակություն, ուստի ինքնության պահպանման խնդիրը պետք է ոչ միայն սփյուռքի ուսերին լինի, այլ պետք է մշտապես գտնվի պետական հոգածության  ներքո: Զանգվածային արտագաղթի ֆոնին՝ ողջ ուշադրությունը կենտրոնացնել հայրենադարձության ծրագրերի վրա և սպասել, անհեռատես քաղաքականություն է: Հարկավոր է մշակել սփյուռքի հայկական համայքների կայունությանն  ու Հայաստանի հետ կապն ամրապնդելուն ուղղված՝ պետական ռազմավարություն:

- Ինչպիսի՞ն է եղել սփյուռքի մասնակցությունը  2020 թ․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

- Ինչպես Արցախյան նախորդ պատերազմներում, 2020թ. ևս հայկական սփյուռքն իր ինստիտուցիոնալ բոլոր օղակներով փորձեց մասնակցություն ունենալ: Միջազգային հարթակներում, զանգվածային միջոցառումների տեսքով քարոզչական մեծածավալ աշխատանքներ են տարվել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի, արցախահայության դեմ ուղղված հանցագործությունների առումով: «Հայաստան» համահայկական հիմնադրամին միլիոնավոր դոլլարներ են փոխանցվել, ինչպես նաև տարբեր խողովակներով մինչ օրս դրամական և նյութական այլ օգնություն են  գալիս սփյուռքից: Դժվար է ներկայումս այդ ամենի հանրագումարը որոշել, այն հետագա տարիների ուսումնասիրման նյութ է հետազոտողների համար: Արցախյան առաջին պատերազմի հետ համեմատած, որը 4 տարի ձգվեց՝ մարդկային ներուժի մասնակցության առումով պարզապես չհասցրին ինքնակազմակերպվել, որի բոլոր հնարավորություններն ու բարձր մարտական ոգին ունեին:

- Ի՞նչպես կգնահատեիք ՀՀ-ում սփյուռքի հանձնակատարի գրասենյակի գործունեությունը։

- Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է լինի համահայկական կառույց, բարձր հեղինակություն ու վստահություն վայելի և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, և՛ Արցախի Հանրապետությունում: Այն կարևոր ռազմավարական նշանակություն ունի և կապող կամուրջ է՝ հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման, համահայկական խնդիրների վերհանման և լուծման, սփյուռքի ներուժի նպատակային օգտագործման, հայրենադարձության կազմակերպան տեսանկյունից: Ինչպիսի վերաբերմունք որդեգրել է պետությունը սփյուռքի հանդեպ նույն գծի մեջ է նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը: Սովորաբար աշխատանքի գնահատականը տրվում է ստացված արդյունքով: Կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար մասնագիտական որոշ առաջարկներ կարող եմ ներկայացնել: Մասնավորապես գրասենյակում հարկավոր է ներգրավվել հայ հասարակության մեջ հեղինակություն վայելող անձանց, այդ թվում՝ կառավարության անդամների, մտավորականների, հոգևորականների, որոնք պատասխանատու են ողջ հայ ժողովրդի համար, ինչպես նաև սփյուռքում հիմնել եթե ոչ մասնաճյուղեր, ապա գրասենյակի պատասխանատու ներկայացուցիչներ: Դրա լավագույն օրինակը մենք ունենք, երբ հասարակական-պետական գործիչերի առաջարկով և Ա. Մյասնիկյանի անմիջական ջանքերով Խորհրդային Հայաստանի կառավարությանն առընթեր 1921թ. ստեղծվեց Հայաստանի օգնության կոմիտեն, որի պատվավոր նախագահը Հովհաննես Թումանյանն էր, գլխավոր վարչության նախագահը Հողժողկոմ Արամայիս Երզնկյանը, անդամներ էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր մտավորականներ: 
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում թեև քիչ, բայց կան կարող ուժեր և մասնագետներ, սակայն պետական հոգածության և կազմակերպչական բաց կա: Այդ կառույցը պետք է կարողանա համագործակցել հայոց եկեղեցու և թեմերի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ: Քանի որ սփյուռքը բազմաշերտ է, անհրաժեշտ է հետազոտական ուղղվածություն նաև որդեգրել. սփյուռքագետների, հոգեբանների, սոցիոլոգների հետազոտական աշխատանքները օգտակար կլինեն՝ սփյուռքի կարիքները վերհանելու և ներուժն ի շահ մեր պետության ծառայեցնելու համար:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am