«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կեղծ գործարքների շարան ունենք. Բադասյան

30/05/2023

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել։ Այսօր ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` խոսելով ամիսներ առաջ ՊԵԿ-ի բացահայտումներով հարուցված քրեական գործի մասին։

«Իրավաբանական անձանց միջոցով ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը, իրականում հանդես գալով որպես միջնորդ, ձևակերպում է այդ մեքենան որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ–ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ, ըստ որի` ինքը վերադարձի իրավունք ունի։ Բայց իրականում մեքենայի համար վճարել է ֆիզիկական անձը, ինքը ի սկզբանե գինը պայմանավորվել է, և կարելի է ասել` կեղծ գործարքների շարան ունենք` ներմուծման, այնուհետև վաճառքի ձևակերպման կամ արտահանման»,-ասաց Բադասյանը։

Նման կեղծ գործարքներից խուսափելու համար, ՊԵԿ նախագահի խոսքով, կառավարությունում մտածում են օրենսդրական նոր կարգավորումների մասին, որոնց միջոցով ֆիզիկական անձին կխրախուսեն (չնայած մաքսատուրքի մեծ չափին), որ ավտոմեքենան հենց իր անունով ներմուծի` չօգտվելով կասկածելի միջնորդների ծառայություններից։