«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան, Բաքուն ու Անկարան չեն հասել իրենց խնդիրներին

04/09/2021

Lragir.am-ի զրուցակին է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, վերջին շրջանում ադրբեջանական զինծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, սահմանին պարբերաբար սադրանքներ են լինում, ի՞նչ գործընթացներ են սրանք։

Մենք հաճախ փորձում ենք մեկնաբանել, հասկանալ առանձին դրվագները՝ մոռանալով մեծ պատկերը։ Շատ կարևոր է մեծ պատկերը մտապահել, իսկ դա այն է, որ չնայած Ռուսաստանի աճող թվացյալ ազդեցությանը և Ադրբեջանի աճող նախահարձակողական տրամադրությանը, իրականությունն այլ է։ Այն է, որ Ռուսաստանը նահանջում է։ Երբ մենք նման բաներ ենք ասում, դա սովորաբար ծիծաղի կամ անվստահության առարկա է դառնում, բայց ես ասում եմ իմ խորին համոզմունքը։ Եվ հիմա մեզ համար շատ կարևոր է մի փոքր հանգստանալ։ Դա շատ դժվար է, որովհետև մեր թշնամիների հիմնական միջոցը՝ կառավարվող քաոսը, պահելու համար հենց դա է պետք՝ անընդհատ ազգը, հասարակությանը պահել հիստերիկ, վախվորած վիճակում։ Եվ դրա համար այդ կետային հարվածները եղել են, կան և դեռ կշարունակվեն։ Իրենք կարող են ավելի շատանալ, որովհետև մենք տեսնում ենք, որ Երևանում շատ տարօրինակ մարդիկ կան, ովքեր Հյուսիսային Կովկասից են եկել, ամենայն հավանականությամբ չեչեններ են։ Մենք տեսնում ենք այսպես կոչված զբոսաշրջիկների, ովքեր ակնարկում են, որ պատահական չէ, որ իրենք այստեղ են։ Այսինքն՝ մենք գտնվում ենք մշտական ահաբեկչական սպառնալիքի ներքո։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է պահպանել սառնասրտություն և չտրվել խուճապի։

Եթե մենք կարողանանք դիմանալ շաբաթներ, ամիսներ, ապա աշխարհին ու նախ և առաջ մեզ ակնհայտ կդառնա՝ Մոսկվան, Բաքուն ու Անկարան այնուամենայնիվ չեն հասել իրենց խնդիրներին։ Արցախը մնում է հայաբնակ, դա մեկ։ Մեղրին չի դառնա ռուս-թուրքական «միջանցք», այն կմնա հայկական վերահսկողության տակ։ Եվ 10 ամիս շարունակ չի ստորագրվում այդ չարաբաստիկ ղազագիրը, որի ստորագրման համար այդքան ջանք, եռանդ ու զոհ տվեցին ադրբեջանցիները, թուրքերն ու ռուսները։ Եվ որքան էլ մենք դժգոհ լինենք մեր գործողություններից, որքան էլ մենք դժգոհ լինենք մեր անատամ դիվանագիտությունից և ռուսների կողմից վերահսկվող մեր կառավարության անգործությունից, այնուամենայնիվ շնորհիվ մեր հզոր դաշնակիցների՝ ԱՄՆ ու Եվրամիության, մենք կարողանում ենք դիմակայել ամենասուր հարցերում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցով բանակցությունների վերսկսմանը, ասել է, որ իրենք հավատարիմ են այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու այս տարվա հունվարի 11-ին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Սա հենց այն է, ինչի մասին խոսում ենք։ Մոսկվայում կայացած վերջին հանդիպմանը մենք լսեցինք երկու իրար հակասող մտքեր։ Մեկն այն է, որ Հայաստանը Արցախի հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի ձևաչափով։ Որքան էլ շատ լինեն այդ վերապահումները, կոմպրոմիսները, այնուամենայնիվ ամենակարևորը դա է՝ Մինսկի խումբ, այսինքն՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ձևաչափ, միջազգային օրենք։ Եվ սրան զուգահեռ մենք Լավրովից լսեցինք նույնը, ինչ իրենք 10 ամիս և դրանից էլ առաջ տարիներ շարունակ ասում էին։ Հիմա դա կոչվում է եռակողմ, առաջ ուղղակի Պուտինի կամ Լավրովի պլան էր։ Այդ երկու մոտեցումներն իրարամերժ են, և 10 ամիս անց մենք պետք է արձագրենք, որ ռուսական օրակարգը չի իրականացվում։ Մենք չունենք երաշխիքներ, որ ռուսները չեն գտնի միջոցներ՝ փորձելով հասնել իրենց ուզածին։ Բայց մենք տեսնում ենք, որ դիմացանք և 44 օր, և 10 ամիս շարունակ, ու պետք է շարունակենք դիմանալ։

Ես ցավով պետք է ասեմ, որ սա հայկական դիվանագիտության շնորհիվ չէ, որ արված է։ Սա նախ և առաջ արված է այն բանի շնորհիվ, որ Հայաստանի, հայության գերագույն շահերը բարեբախտաբար համընկնում են քաղաքակիրթ աշխարհի հետ՝ ԱՄՆ և Եվրոպայի։ Վերջին շրջանում ակնհայտ է, որ համընկնում են նաև Իրանի ու Հնդկաստանի շահերի հետ։ Տեսնելով այդ երկու աշխարհաքաղաքական շարժումների բախումը՝ պետք է մեր ճիշտ տեղն ընտրենք։ Մեր կուսակցության տեսակետն այն է, որ միայն եվրաինտեգրման, միայն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ճանապարհի վրա Հայաստանը կփրկվի որպես պետականություն և կպահպանի Արցախը։