«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ. ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԵԿԻՆ․ Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

21/06/2022

ԽՍՀՄ փլուզումից և երկբևեռ աշխարհակարգի վերացումից հետո, արդեն մի երեք տասնամյակից էլ ավելի համաշխարհային գործընթացների վրա ազդելու և ուղղորդելու լուրջ լծակներ է ձեռք բերել Չինաստանը, որի տնտեսական ներուժը համեմատելի է թերևս միայն ԱՄՆ-ի հետ: Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, ապա ներկայումս շատ բախտորոշ ճանապարհներ տանում են դեպի Պեկին: Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումն էլ շատերը ներկայումս կապում են Չինաստանի դիրքորոշման հետ, որովհետև միայն նա կարող է նվազեցնել Ռուսաստանի նկատմամաբ կիրառվող և նախադեպը չունեցող պատժամիջոցների ծանր բեռը: 
Ինչ նոր զարգացումներ եղան վերջին օրերին, որոնք մեծ նշանակություն ունեն գլոբալ քաղաքական զարգացումների համար: Հիշենք, որ ուկրաինական իրադարձություններից առաջ Պուտինը Պեկինում բանակցում էր Սի Ցզինպինի հետ: Վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում էր, որ երկու լիդերները փոխհամաձայնության են եկել։ Չինաստանը կմեղմացնի պատժամիջոցների բեռը, իսկ Ռուսաստանը վճռականորեն կնպաստի Թայվանի հարցի հանգուցալուծմանը: 
Սկզբնական շրջանում կարծես թե այս կանխատեսումը իրականանում էր: Պեկինը չմիացավ պատժամիջոցներին, մեծացրեց ռուսական էներգակիրների գնման ծավալները և հետաքրքրված էր Ռուսաստանից հեռացող արևմտյան ընկերությունների տեղը զբաղեցնելու հնարավորություններով: Սակայն աստիճանաբար Բայդենի վարչակազմին կարծես թե հաջողվել է դանդաղեցնել ամերիկյան շահերի համար վտանգավոր ռուս-չինական մերձեցման տեմպերը: Չինական դիվանագիտությունն էլ փայլում է իր զգուշավորությամբ և պրագմատիզմով: ԱՄՆ և ՌԴ համաշխարհային ռազմաքաղաքական հեգեմոնիայի թուլացումը արդեն հիսուն տարուց էլ ավելի ՉԺՀ արտաքին քաղաքականության հանգուցային կոնցեպտներից է: 
Ամերիկա-չինական բարձրաստիճան պաշտոնյանների վերջին հանդիպումները նշանավորվել են հայտարարություններով, ըստ որոնց Վաշինգտոնն ու Պեկինը առճակատումից խուսափելու պատրաստակամություն են հայտնել: Չինաստանը կոչ է անում կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և հրաժարվել Պեկինի գլոբալ զսպումից։ Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հանդիպման արդյունքներով տարածել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ի  հայտարարությունը: Բանակցությունները երկու կողմերն էլ անվանել են անկեղծ և արդյունավետ։ Փոխադարձ վստահության ամրապնդման պայմանավորվածություն են ձեռք բերել նաև օրերս ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Վեյ Ֆենհեն: Հաշտեցման հայտարարությունները փոխել են Թայվանի շուրջ նյարդերի պատերազմը, որը երկու համաշխարհային տերությունների ուղղակի բախման սպառնալիք էր ստեղծել։
Իմ դիտարկումներով չինական կողմը ձգտում է իր համար առավելագույն օգուտներ քաղել, որի համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ուկրաինական ճգնաժամը և Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններում նոր սառը պատերազմը:  ԱՄՆ-ը եւ Չինաստանը դեռևս կարող են խուսափել նոր սառը պատերազմից և վերադառնալ փոխշահավետ համագործակցության: Այս մասին ասված է Յան Ցզեչիի և Ջեյք Սալիվանի Լյուքսեմբուրգում կայացած բանակցությունների արդյունքներով Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ի դեպ վերջին ամիսների ամերիկա-չինական հարաբերությունների բացահայտ առճակատման աստիճանի արագ նավազեցմանն են ձգտում և՛ Վաշինգտանում, և՛ Պեկինում:  
Անկախ ռուսական գործոնի ազդեցության չին-ամերիկյան հարաբերությունները իհարկե կարող են,  զարգանալ ինչ որ մի ժամանակահատվածում, եթե ԱՄՆ-ն դրական ընդունի Չինաստանի ռազմավարական ընկալումները, ճիշտ ընտրություն կատարի, աշխատի չինական կողմի հետ, գործնականում իրականացնի երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած համաձայնությունները և, որ ամենակարևորն է, երբեք չպաշտպանի "Թայվանի անկախությունը": 
Մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանք ևս․ ժողովրդավարության համաշխարհային բաստիոն ԱՄՆ-ը, որն հիմա դարձել է նաև ոչ ժողովրդավար երկրների դատավորը, ՉԺՀ քաղաքական համակարգը՝ կոմունիստական տոտալիտար և ավտորիտար ռեժիմով միշտ էլ կատաղի քննադատության է ենթարկել: Ռեժիմների փոխման ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որը մնում է օրակարգում և, որի իրականացման տեխնոլոգիաները սկսած գունավոր հեղափոխություններից, վերջացրած պատժամիջոցներով և հումանիտար ինտերվենցիաներով, միշտ էլ անհանգստացրել է չին կոմունիստներին: Այժմ հարաբերությունների պարզեցման գործընթացում փորձ է արվում որոշակի երաշխիքներ ձեռք բերել նաև այս հարցում: Պատահական չէ, որ Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամը հիշեցրել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն այն մասին, որ Վաշինգտոնը չի ձգտում "նոր սառը պատերազմի" սանձազերծմանը, մտադիր չէ ռազմական դաշինքների ուժեղացման ճանապարհով փորձել փոխել Չինաստանի համակարգը: Նաև շատ հետաքրքիր էր Սի Ցզինպինի վերջին հրամաններից մեկը, որով նա թույլատրեց Չինաստանի բանակին իրականացնել նաև ոչ ռազմական գործողություններ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սրանով ուժեղացվում է բանակի դերակատարումը երկրի ներքաղաքական կայունության ապահովման գործում: Ինձ թվում է հասկանալի է, բանակը գործի կդրվի, եթե դրսի աջակցությամբ զանգվածային հակաիշխանական շարժումներ հրահրվեն: 
Չինաստանը բարձր է գնահատում  Բայդենի հայտարարությունը, որովհետև բոլոր ուղղություններով Չինաստանի  զսպման և ճնշման ամերիկյան գործելակերպը միշտ էլ խանգարել է տնտեսական ծավալման և չինական ազդեցության գոտիների մեծացմանը: Հիմա շատ հարմար ժամանակներ են, որպեսզի Պեկինը կարողանա  ,,զսպման,, քաղաքականությանը այլընտրանք  առաջարկել. կառուցել չին-ամերիկյան հարաբերությունները երեք սկզբունքների ՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա: Եվ կարծես թե այս դիրքորոշումը դրական արդյունքներ է տալիս: Լյուքսեմբուրգյան հանդիպումից հետո մամուլում եղած տեղեկատվության համաձայն փոխընբռնում է ստացվել, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ինչպես նաև ամերիկա-չինական հարաբերությունների հանգուցային հարցերի անկեղծ, առարկայական և արդյունավետ քննարկման արդյունքում: Իհարկե անկեղծությունը միջազգային քաղաքականության մեջ շատ հազվադեպ է կիրառվում և այստեղ դժվար չէ կռահել ով ում ինչ է խոստացել: Բացառված չէ նաև, որ մոտ ժամանակներում կայանա Բայդեն-Սի Ցզինպին հանդիպումը: Պեկինն ու Վաշինգտոնը ձգտում են կառավարելի դարձնել մրցակացային/համագործակցային հարաբերությունները: Այս գործում նրանցից յուրաքանչյուրը իր նպատակներն ունի: Չինական կողմի համար առաջնայինը զսպման քաղաքականության չեզոքացումն է, ամերիկյան կողմի համար ամեն հնարավոր միջոցներով ռուս-չինական հարաբերությունների սառեցումը:
Այս նպատակներով արագ արդյունքների հասնելը այդքան էլ հեշտ չէ և ամեն ինչ չէ որ հնարավոր է:  Օրինակ, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին, հանդիպումից հետո մեղադրանքներ են հնչեցրել և հեռացել ձեռնունայն: Դրանից հետո ամերիկյան կողմը սպառնացել է շարունակել Չինաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը։ 2021 թվականի մարտին, Յան Ցզեչին եւ Ջեյք Սալիվանը առաջին անգամ հանդիպել են Անկորիջում (Ալյասկա), սակայն երկխոսություն սկսելու նրանց առաջին փորձը ձախողվել է:  Հռոմում կայացած չին-ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը շատ սառն էր ստացվել, իսկ մարտ ամսին էլ ԱՄՆ-ն վերջնագիր էր ներկայացրել Պեկինին՝ սպառնալով պատժել նրան Ռուսաստանի հետ համագործակցությունը չդադարեցնելու ցանկության համար։ Դրանից հետո Չինաստանը հրաժարվել էր վերանայել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը և սկսել է դիվանագիտական հակագրոհ՝ ԱՄՆ-ից պահանջելով բացահայտել Ուկրաինայում նրանց բիոլաբորատորիաների մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ Պեկինը Մոսկվայի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բազմիցս բարձրացրել Է ԱՄՆ-ի բիոլաբորատորիաների հարցը և փորձել այն դարձնել միջազգային լայն քննարկման առարկա:
Չին-ամերիկյան ջերմացման ճանապարհին թերևս ամենացավոտը Թայվանի հարցն է, որը կողմերը չեն թաքցնում: Տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և անսասան։ Ըստ պաշտոնական հրապարակված դիրքորոշման Չինաստանի վերամիավորմանը խոչընդոտող ցանկացած գործողություն կարժանանա հզոր հակահարվածի: Ինչպես հետևում է հայտարարություններից, հենց Թայվանական հարցն է այսօր կազմում չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը, և եթե այն չկարգավորվի, ապա դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների համար: Թայվանական թնջուկը վերջերս քննարկվել է նաև Սինգապուրում կայացած պաշտպանության նախարարաների հանդիպմանը:  
Պեկինն ազդարարել է իր պաշտոնական դիրքորոշումը նաև ուկրաինական հարցում: Մարտին ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին ասել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ է դադարեցնել "կրակի մեջ յուղ լցնելը": ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, և առավելագույն զսպվածության կոչ է արել: Սակայն ԱՄՆ-ն համոզված է, որ Չինաստանն իր քայլերով հաստատում է, որ կանգնել է Ռուսաստանի կողմը ։ Չինաստանի իշխանություններն իրենց" վարքագծով, հռետորաբանությամբ և գործողություններով" ցույց են տալիս, որ Ռուսաստանի կողմն են կանգնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը: Նա "դատարկ" է անվանել Չինաստանի իշխանությունների հայտարարությունները Ուկրաինայի հարցում չեզոք դիրքորոշման մասին ։ Նրա կարծիքով ՝ ՉԺՀ-ն գործնականում չի պահպանում "չեզոքությունը" և հավատում է "ռուսական քարոզչությանը": Նա նաև համոզված է, որ Չինաստանը և Ռուսաստանը "շարունակում են խուսափել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների իրենց պարտավորություններից": Հունիսի 15-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ինքնիշխանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերում Ռուսաստանին աջակցելու պատրաստակամության մասին:
Վերջում հավելենք, որ ԱՄՆ-ՉԺՀ-ՌԴ հանելուկային եռանկյունին շատ արագ է փոփոխվում: Դժվար է հստակ կանխատեսել նրա կերպափոխման գործընթացների վերջնարդյունքները: Շատ կարճ ժամանակահատվածներում համագործակցությունը վերածվում է հակամարտության, առճակատումը՝ չեզոքության, իսկ հետո նորից վերականգնվում են հին հարաբերությունները:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am