«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում մեկնարկում է Էրդողանի երդմնակալությունը. կհայտարարվի նաև կառավարության նոր կազմը

03/06/2023

Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 3-ին թուրքական խորհրդարանում կտա նախագահի պաշտոնն ստանձնելու երդումը և պաշտոնապես կանցնի իր լիազորությունների իրագործմանը։ Էրդողանն այս պաշտոնն կզբաղեցնի երկրորդ անգամ՝ 2017 թվականին կառավարման խորհրդարանական ձևից նախագահական ձևի անցնելուց հետո:

Նախատեսվում է, որ խորհրդարանում նախագահի երդմնակալության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։ Նա կկարդա երդման տեքստը, որից հետո հիմնական արարողությունը կավարտվի ու Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։

Ինչպես սպասվում է Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն 78 երկրից առաջնորդներ, նախարարներ և այլ ներկայացուցիչներ։ Մոտ 20 նախագահ և վարչապետ այսօր կժամանի Անկարա։ Բացի խորհրդարանում երդմնակալության արարողությունից, ևս մեկ արարողություն էլ կկայանա Բեշթեփե նախագահական նստավայրում։ Մասնավորապես, Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները և այլն։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։ 

Դիտորդներին և լրատվամիջոցներին ոչ այդքան հետաքրքրում է երդմնակալության բուն արարողությունը, այլ նոր կառավարության կազմը։ Էրդողանը նախատեսում է, որ դրա մասին կհայտարարի խորհրդարանում երդմնակալության արարողությունից անմիջապես հետ։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները կփոխարինվեն։ Բացառություն կարող են կազմել միայն արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարները, սակայն այս հարցում ևս Թուրքիայի նախագահը դեռևս վերջակետ չի դրել։