Ադրբեջանի հետ երկաթգծերի վերագործարկման համար շինարարություն չկա, կան քննարկումներ. Սանոսյան
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն, այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման հարցերին:
«Խոսքը Մեղրիի երկաթգծի, Երասխի հատվածի, Իջևանի հատվածի երկաթգծի մասին է. այսինքն՝ այն ենթակառուցվածները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանց վերագործարկման հնարավորությունների մասին է խոսքը»,- նշեց նա:
Հարցին, թե առաջին փուլում կա՞ կոնկրետ երկաթգիծ, որը առավել իրատեսական է համաձայնեցնել առաջին փուլում՝ Սանոսյանը պատասխանեց. «Տարբերություն, կարծում եմ, չկա: Աշխատանքները, իհարկե, տարբեր են, բայց Մեղրիի հատվածում աշխատանքը ենթադրում է աշխատանք Երասխում, և ենթադրում է որպես համակարգ ավելի մեծ կապ ու հնարավորություն Իրանի մասով, թե արդեն Ադրբեջանի և Կարսի ու Գյումրիի մասով՝ նաև Թուրքիայի հետ:
Այսինքն, երկու հատվածում էլ պետք է աշխատանք լինի, որ հնարավոր լինի վերագործարկել երկաթգիծը»։
Դիտարկմանը, թե այս ամենը միայն քննարկումների՞ մակարդակում են, թե կան նաև գործնական քայլեր՝ Սանոսյանը պատասխանեց, որ եթե խոսքը շինարարության մասին է, ապա շինարարություն չկա, կան քննարկումներ։