«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանները պետք է զտվեն «վայ դատավորներից»

02/08/2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգի զտման անհրաժեշտություն է տեսնում: Ջհանգիրյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ԲԴԽ-ում արդեն մշակել են օրենքի նախագիծ, որն առաջիկայում կներկայացնեն գործադիր և օրենսդիր իշխանություններին:

Դատարանների շենքային պայմանների բարելավումից մինչև դատավորների զտում.  քայլերի այս հաջորդականությունը Բարձրագույն դատական խորհրդի ծրագրերում է։  ԲԴԽ նախագահի  ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո դատական համակարգը չի զտվել, ու այն մաքրելու անհրաժեշտություն կա։

«Լավատեսական լուր ասեմ ձեզ․մեր խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը զտման մեխանիզմի վերաբերյալ նախագիծ է պատրաստել, շուտով այն կուղարկենք ԱԺ կամ կառավարություն որը տեսնենք, թե ով է ստանձնում այդ նախագծի  լոկոմոտիվը դերը։ Պետք  է ազատվել   այնպիսի դատավորներից, որոնք ոտնահարել են արդարադատությունը, որոնք անմեղ քաղաքացիներին լցրել են բանտերը ամիսներով ու տարիներով․ այդ մարդն այս դատական համակարգի համար պիտանի չէ: Զտման մեխանիզմները տարբեր են»:

Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ դատական բարեփոխումների համար  կարևոր էին  Դատական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։ Փաթեթի մշակմանը լուրջ մասնակցություն էր ունեցել նաև ԲԴԽ-ն: Գործընթացը , սակայն, ըստ Ջհանգիրյանի, անադարացիորեն քաղաքականացվեց։

 «ԲԴԽ-ն լուրջ մասնակցություն է ունեցել, եթե չասեմ գլխավոր նախաձեռնողն ու հեղինակն է եղել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեծ փաթեթի լրամշակման, որը հիմա վիճարկվում է ՍԴ-ում,  և, ցավոք,  այդ փոփոխությունները  դարձան քաղաքական ուղղորդված իրավական ու  իրավաբանական լսարանի սուր քննարկման առարկա, ինչի արդյունքում նախագահն ուղարկեց ՍԴ։ Սպասենք, տեսնենք՝ ինչ է որոշում ՍԴ-ն»։

Դատական օրենսգրքում դեռևս մարտին կատարված փոփոխություններով  ընդլայնվում էին  Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները:   Կառույցն   իրավունք էր ստանում  դատական գործերը քննելու համար իրավասու դատարանի համապատասխան մասնագիտացման  դատավորների կազմից ընտրել դատավորներ՝ հաշվի առնելով նախկինում նրա կողմից նմանատիպ գործեր քննելու հանգամանքը։   ԲԴԽ-ն նաև ստանում էր լիազորություն՝ վերցնելու գործը այն դատավորներից, որոնք գործեր քննելու ժամանակ չեն դրսևորել անհրաժեշտ հմտություններ:  ԱԺ–ում այս փաթեթը  բուռն  քննարկումների արժանացավ, այն միանշանակ չընդունեցին մասնագիտական շրջանակները, հենց դրանք հիմք ընդունելով էլ՝ հանրապետության նախագահը չստորագրեց այն ու դիմեց ՍԴ՝ վիճարկելով փոփոխությունների սահմանադրականությունը։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն  անդրադրաձավ նաև խնդրին,  թե ինչու որոշ դատարաններում  չի գործում դատավորների ավտոմատ մակագրման ծրագիրը։  Ջհանգիրյանի խոսքով՝  ծրագրից  դժգոհությունները  շատ  են ։ Ավելին՝ իրեն  զեկուցել են, որ հնարավոր է  դրսից  ծրագրային միջամտություն անել, ինչը  խիստ ռիսկային է ու քրեորեն պատժելի։

«Իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլև ասեցին, որ այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։ Հետևաբար, այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա, այնպես որ, ես այսօր չեմ կարող ասել,  թե դա ինչքան կտևի» ։