ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ հաշվի առնելով նրա ուղեգծի փոփոխությունը
Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Թբիլիսին առաջիկա ամիսներին կփոխի ուղեգիծը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։
Դրա հետ մեկտեղ, Օ’Բրայենի խոսքով, «Վրաստանի իշխող կուսակցությանը պետք է հասկանալի լինի, որ հետդարձի ճանապարհ կա»։
Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների, ինչպես նաև ԵՄ-ի հետ խախտվեցին 2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով: Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունված օրենքի կապակցությամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության, խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ: ԱՄՆ նաև անորոշ ժամկետով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» զորավարժությունները։