«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախ տանող նոր ճանապարհի մեր մասում հիմա հողային աշխատանքներ են, դրանք կավարտվեն ընթացիկ տարում

07/09/2022

  Տեղ-Կոռնիձոր 11.8 կմ ճանապարհի վերակառուցման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։ Ի պատասխան 24News-ի հարցմանը՝ հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Հողային պաստառի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում։ Վերակառուցումն ամբողջությամբ կավարտվի 2023թ. գարնանը», - նշված է պատասխանի մեջ։ Հիմնադրամից փոխանցել են, որ ճանապարհի շինարարությունն իրականացվում է երեք չափաբաժնով՝ երեք կապալառու կազմակերպությունների կողմից՝ «Քարավան» ՍՊԸ, «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ և «Ճանապարհ» ՍՊԸ։

Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի արցախյան հատվածն արդեն շահագործվում է։ Արցախին կապող նոր ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով պետք է մտնի Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Օգոստոսի 29-ից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում (արցախյան հատված), որն ամբողջովին ասֆալտապատ է։ Ճանապարհի այս հատվածի վրա տեղակայված է ՌԴ խաղաղապահների 4 հենակետ։

Ավելի վաղ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը 24News-ին ասել էր, որ Հայաստանից Արցախ երթեւեկությունը դեռեւս Կոռինիձոր գյուղից նախատեսված ճանապարհով չի սկսվում, այլ՝ Կոռնիձոր չհասած մի ասֆալտապատ ճանապարհով։