«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ սկզբունքով են վերադարձվում գերիները և երբ բեկում կլինի գերիների վերադարձի հարցում. Սիրանուշ Սահակյանը մանրամասնում է

05/05/2021

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ պահվող երեք անձանց: ArmDaily.am-ը զրուցել է միջազգային ատյաններում գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։
-Տիկին Սահակյան, երեկ երեք գերի է վերադարձել Հայաստան, կա՞ որոշակի տրամաբանություն, թե ինչ սկզբունքով է որոշվում, թե հատկապես ում են վերադարձնելու։
-Չէի ասի, որ հստակ սկզբունք կա, որի հիման վրա որոշվում է, բայց առնվազն մի դեպքով հասկացանք, որ կա քաղաքացիական անձ, մեկը Խծաբերդից էր գերավերված, մեկը՝ 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո գերավարված անձ էր։ Ամեն դեպքում՝ հստակ չափանիշներ գոյություն չունեն, այստեղ մեծ է Ադրբեջանի իշխանության հայեցողությունը։ Համաձայնությունը ձեռք է բերվում թվերի շուրջ, իսկ մնացյալում դերակատարում ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները։
-Տարբեր աղբյուրներ պարբերաբար խոսում են 300 գերեվարված անձանց առկայության մասին։ Արդյոք այս թիվը համապատասխանում է իրականությանը։
-Անկեղծ ասած՝ մենք խոսել ենք, որ այս պահին դեռ 200 անձինք են պահվում, առնվազն շուրջ 165-ի մասով հաստատված տեղեկություն ունենք ու լուրջ ապացույցներ։ Այդ անձանց կյանքի համար թիվ մեկ պատասխանատուն արդեն Ադրբեջանն է։ Բայց ունենք նաև ենթադրյալ գերեվարման դեպքեր, դրա համար շուրջ 200 դեպքերի մասին ենք խոսում։
-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ 1-2 ամսվա ընթացքում կարող են դրական տեղաշարժեր լինել գերիների վերադարձի հարցում, ո՞րն էր այդ լավատեսության հիմքը։
-Հարց է եղել, թե կարո՞ղ են դրական տեղաշարժեր լինել 1-2 ամսվա ընթացքում, ես նշել եմ, որ այո, չեմ բացառում նաև, որ մինչև 1-2 ամսվա ընթացքում դրական տեղաշարժեր կլինեն, որովհետև ընթանում են իրավական, քաղաքական գործընթացներ և որոշակի գործոնների ազդեցության ներքո այդ գործընթացը կարող է տեղի ունենալ։ Թեև պրոցեսները դանդաղեցված են և Ադրբեջանը համագործակցող կեցվածք չունի, միևնույն է, աշխատանքներ են կատարվում և դրանք կարող են արդյունքներ տալ։ 3 գերիների վերադարձը նույնպես արդյունք է։ Իհարկե, փոքրաթիվ է՝ գործընացի տևականությունը հաշվի առնելով, բայց առնվազն 3 անձ նույնպես վերադարձել է։
-Օրեր առաջ Ձեր թիմը հրապարակեց19 գերիների անուններ, որոնք խոշտանգվել և սպանվել են ադրբեջանցիների կողմից։ Հայկական կողմը հայց է ներկայացրել ՄԻԵԴ, ի՞նչ եք ակնկալում։
-Բոլոր գործերով վկայակոչվում է խոշտանգումների արգելքը, չխոշտանգվելու իրավունքի խախտումը, կյանքի իրավունքի խախտումը և, բնականաբար, այս գործողությունները համարվում են մարդու իրավունքների խախտում։ Մենք միջազգային դատարանի կողմից հասնում ենք փաստերի արձանագրման, բայց զուգահեռաբար ներկայացնում ենք այս փաստը մի շարք պետությունների և միջազգային կառույցների ուշադրությանը՝ ակնկալելով, որ նրանք պատժամիջոցներ են կիրառելու Ադրբեջանի և այդ գործողություններում մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ։
-Եվրամիությունը օրերս Ադրբեջանից պահանջել էր հրապարակել գերեվարված անձանց թիվը։ Առայժմ արձագանք չունենք, սա պահանջ էր, թե պարզապես հորդոր։ Ադրբեջանը կարո՞ղ է անտեսել այն։
- Տարիների, 10-ամյակների ընթացքում մենք տեսել ենք Ադրբեջանի վարքագիծը և դրա հիմքում ընկած է հայատյացությունը։ Այս վարքագծի պայմաններում միայն փափուկ դիվանագիտական կոչերը ի զորու չեն ստիպել Ադրբեջանին գործել միջազգային իրավունքներին համապատասխան՝ հենց հայերի նկատմամբ, սա պետք է գիտակցեն նաև Եվրոպական կառույցների ներկայացուցիչները, այդ թվում ԵՄ-ն, և կոչերից անցում կատարեն կոնկրետ գործողությունների, իսկ կոնկրետ գործողությունների մասին մենք խոսել են, այդ գործիքները ունի ԵՄ-ն, կարծում եմ, որ պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմական և քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ։ Հենց այս գործողությունները կատարեն և ցույց տան իրենց լուրջ մոտեցումը՝ մենք այս գործընթացում կունենանք բեկում։ Իսկ հորդորները ոչ մի ներգործող հետևանք չեն կարող ունենալ։
-Փոխարենը նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ի վարչակազմում չեն կարծում, որ Ադրբեջանին զինումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման վրա։ Ինչպե՞ս կգնահատեք նման հայատարարությունը։
-Սրանք քաղաքական որոշումներ են, որոնց հիմքում բացառապես ընկած է ԱՄՆ-ի ազգային շահերը և հետաքրքրությունները։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իրականությունը կամ իրապես է գնահատում ռիսկերը։ Մենք տեսանք, որ այդ մեծաթիվ պատերազմական հանցագործությունները, զոհերը եղան, հենց ռազմական միջամտության և սպառազինությունների պարագայում։ Ուստի իրողությունը վկայում է, որ այդ վտանգները կան և նաև սպառազինությունը թուլացնելու միջոցով պետք է հասնել խաղաղ կարագավորումների կամ հաշտեցման։ Այս հայտարարությունը ես տեսնում եմ քաղաքականության մեջ։ Քանի որ Հայոց ցեղասպանություն բառը գործածվել էր, քանի որ որոշակիորեն ոտնձգել էին թուրքական շահերի դեմ՝ դարձյալ ԱՄՆ հետաքրքրութուններից ելնելով, հիմա հավասարակշռությունը պահելու համար մի բան պետք է տային Ադրբեջանին, ուստի այս հարցում ունեցանք ադրբեջանամետ մոտեցումներ։
-Դուք բավարա՞ր եք գնահատում ՀՀ իշխանությունների ջանքերը և կատարած աշխատանքը՝ գերիների վերադարձի առումով։
-Որպեսզի բավարար գնահատեմ՝ առնվազն լրջագույն արդյուքներ պետք է լինեին։ Այդ հարցը դեռևս առկախված է, 100-ավոր մարդկանց ճակատագրերը անհայտության մեջ են, նրանց ճակատագրերը, որ հայտնի են՝ դեռևս հարենադարձության խնդրի հետ են բախվում և չգիտեն ինչ ժամանակահատվածում են այդ գործընթացը կազմակերվելու։ Միջազգային հանրությունը հստակ կոշտ դիրքորոշումներ՝ թե ուժի գործադրման, թե հետագա հանցագործությունների առնչությամբ, չի ձևավորել։ Ադրբեջանական իշխանությունները չեն գտնվում ինտենսիվ ճնշման ներքո։ Այս պայմաններում չենք կարող ասել, որ ՀՀ իշխանության ջանքները բավարար են եղել և կարողացել են ծառայել սեփական երկրի շահերին։
-Անում են՝ չի՞ ստացվում, թե՞ բավարար ջանքեր չի ներդրվում։
-Ես կարծում եմ՝ իրենք ոչ ռազմավարություն ունեն, ոչ մարտավարություն, ոչ լիարժեք պատկերացումներ ունեն։ Այսինքն, ինչ-որ քաոտիկ չկանխամտածված որոշ գործողություններ են, որոնք չեն կարող ապահովել նման բարդ իրավաքաղաքական խնդիրներում լուծումներ։ Հիմա երկուսն էլ իրենց պատասխանատվության տիրույթում, եթե կարողանում են ու կամք չունեն՝ վատ է, եթե չեն կարողանում, բայց դեռևս սխալ գործողությունների հետևանքով մարդասիրական աղետ են պատճառում բնակչությանը՝ էլի վատ է։ Երկուսի պատասխանատուն էլ իրենք են և պետք է որոշում կայացնեն։
-Մի առիթով հայտարարել էինք, որ ադրբեջանական կողմը 3 նախապայման է առաջ քաշում գերիներին վերադարձնելու համար։ Շարունակո՞ւմ եք պնդել, որ Ադրբեջանը նախապայմաններ ունի՝ պահվող անձանց հետ վերադարձնելու համար։
—Անշուշտ, եթե դրանք օրակարգային խնդիր չլինեին՝ այս հարցը արհեստականորեն այսքան չէր ձգձգվի։ Եթե ձգձգվում է՝ Ադրբեջանի իշխանությունները պահպանում են լծակներ, որովհետև ունեն չլուծված հարցեր ՀՀ իշխանությունների հետ և երկու կողմի իշխանություններն էլ տեղյակ են առկա խնդիրների և առկա տարաձայնությունների վերաբերյալ և դեռևս գտնվում են հաղորդակցության մեջ, որպեսզի գտնեն լուծումներ։