«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը

22/01/2023

Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հունվարի 21-ին օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Կարմիր վանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը: Խաչի օծմանը ներկա են եղել  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային իշխանության ներկակացուցիչներ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը:

Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Գյուղի վարչական տարածքի հետ համընկնող շուրջ 8 կմ երկարությամբ պետական սահմանը հսկում է սահմանապահ ջոկատը: Եկեղեցին հսկողության գոտում է՝ փշալարերից այն կողմ ու եկեղեցի մտնելու համար պետք է անցնել անցակետը: Տարին միայն երեք անգամ է, որ հատուկ ամրագրված ժամերին բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ եկեղեցի: Դրանք Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 տոներին են:

Ըստ արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ., վերանորոգվել 13-րդ դարում: