«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային հարթակում Հայաստանը պետք է փորձի գտնել հարցի լուծումները». Գարիկ Քեռյան

29/12/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, հատկապես վերջին օրերին Հայաստանից ու Ռուսաստանից ամենաբարձր մակարդակներով հնչում են հակասական հայտարարություններ: Հայկական կողմը պնդումներ է անում, որոնք մերժվում, ավելին՝ «սադրիչ» են որակվում: Ի՞նչ է կատարվում՝ ըստ ձեզ:

– Ներկա վիճակը, որ կա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, հետևանք է որոշակի ծրագրերի իրականացման ճանապարհին Հայաստանի դիմադրության ու անհամաձայնության: Վերջին ամիսներին մենք շատ ինֆորմացիա չէինք ստանում ո՛չ բրյուսելյան, ո՛չ մոսկովյան, ո՛չ էլ Սոչիի հանդիպումներից հետո, դրանք հիմնականում դեկլարատիվ բնույթ էին կրում, և առարկայական ոչինչ չկար այն մասին, թե ինչի շուրջ են պայմանավորվել, ու ինչի շուրջ չկա համաձայնություն: Բայց երբ փակվեց Լաչինի միջանցքը, արդեն պարզ էր, որ սա ուղղակի ճնշում է առաջին հերթին, որպեսզի Հայաստանը համաձայնի միջանցք տրամադրել Զանգեզուրով դեպի Նախիջևան: 

Ըստ էության, վերջին ամիսների դիվանագիտական պայքարը դրա շուրջ էր, ու պատահական չէր, որ և՛ ՀՀ արտգործնախարարը, և՛ վարչապետը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը բազմիցս խոսում էին այդ միջանցքային տրամաբանությանը դիմադրելու մասին, ու արդեն պարզ էր, որ իրենցից այդ են պահանջում: 

Լաչինի միջանցքը փակելով՝ առաջնային թիրախում «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծումն է, բայց Ալիևն իր վերջին ելույթում հիշեցրեց այլ խնդիրների մասին: Խոսքն այսպես կոչված ադրբեջանական յոթ գյուղերի «օկուպացիայի» մասին է, ու նաև սահմանազատման գործընթացը, որը պակաս վտանգավոր չէ, որովհետև ինձ համար մինչ օրս պարզ չէ, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը ո՞ր քարտեզներով են պահանջում այդ սահմանազատումն ու սահմանագծումը: Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ բարիկադի մի կողմում Հայաստանն է, իսկ մյուսում՝ Ռուսաստանը՝ ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ու Ադրբեջանը: 

Խնդիրն այն է, որ Ռուսաստանն այսօր Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու ու նաև Ադրբեջանի և Զանգեզուրի տարածքով Թուրքիայի հետ ուղիղ կոմունիկացիոն կապ հաստատելու համար կարիք ունի հաղորդակցությունների բացման, ինչու չէ՝ նաև այդ «միջանցքը»՝ ռուսական վերահսկողության տակ, կամրապնդի նաև Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում: 

Այս հանգամանքը մեծ հակազդեցության է հանդիպում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից: Այսինքն՝ ստացվել է այնպես, որ «միջանցք» չտալն այսօր ձեռնտու է Արևմուտքին, իսկ տալը՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին: Եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն այսօր շատ ծանր վիճակում է արևմտյան ճակատում՝ Ուկրաինայում, բնականաբար, նա չի կարող իրեն շռայլություն թույլ տալ ու արհամարհել թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումները, իսկ նրանք էլ, օգտվելով այս վիճակից, ցանկանում են առավելագույնը պոկել Ռուսաստանից:

– Հայաստանն այդ դեպքում ի՞նչ պետք է անի: Օրինակ՝ այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ու ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի:

– Ես չեմ կարող մեկնաբանել, թե ՄԱԿ-ին դիմելը վարչապետն ինչպե՞ս է պատկերացնում, որովհետև մենք արդեն դիմել ենք ՄԱԿ-ին, ու Լաչինի միջանցքի հարցը քննարկվել է, ու այդ որոշման մեջ չկա խաղաղապահների գործունեության մասին որևէ կետ:

Բացի այդ, ես տեղյակ չեմ, որ որևէ միջազգային կառույց կամ մեծ տերություն այսօր պատրաստակամ է խաղաղապահներ ուղարկել, այդ հեքիաթը սկանդինավյան խաղաղապահների մասին մինչև օրս էլ շրջանառվում է որպես հեքիաթ, նույնիսկ խիստ հայամետ դիրքորոշում ունեցող Ֆրանսիան երբևիցե չի հայտարարել, թե ինքը պատրաստ է խաղաղապահներ ուղարկելու: 

Ի՞նչ պետք է անի Հայաստանը. եթե ելնենք հանգամանքից, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն նոյեմբերի 9-10-ի համաձայնագրով, հետևաբար ճիշտ կլինի այդ համաձայնագիրը ստորագրած եռյակի ձևաչափով էլ Հայաստանը փորձի գտնել հարցի լուծումները:

Սա ամենագործուն ձևաչափն է, որը վերջերս, ճիշտ է, պարալիզացվել է, որովհետև նույն վայրում գտնվելով՝ Փաշինյանն ու Ալիևը չեն հանդիպում, ինչը շատ վատ է, բայց ամեն դեպքում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափն ամենաաշխատող հարթակն է: Հայաստանը պետք է փորձի այս հարթակում գտնել հարցի լուծումները, որովհետև փորձը ցույց տվեց, որ այլ հարթակներ չեն աշխատում: Հարցը լուծում են նրանք, ովքեր ներկա են տվյալ տարածքում ուժով, իսկ այստեղ ուժով ներկա է միայն Ռուսաստանը:

– Իսկ Հայաստանի արտգործնախարարն ինչո՞ւ մերժեց այդ հարթակի վերջին հանդիպումը, եթե այդպես է:

– Կարծում եմ, դա դեմարշ էր՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ: Դժգոհություն, բողոք առ այն, որ մենք գալիս ենք բանակցությունների, բայց դուք դիմում եք նման սադրանքների: Սա բոյկոտի գործողություն էր, թե որքանով էր դա ճիշտ կամ սխալ, ես դժվարանում եմ գնահատել, բայց Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է հասկանան, որ Հայաստանում էլ ինչ-որ մի պահ կարող է համբերության բաժակը լցվել, ու նոր պատերազմի բռնկումը, իհարկե, առաջին հերթին ձեռնտու չէ Հայաստանին, բայց չեմ կարծում, թե ձեռնտու է Ռուսաստանին: Ռուսաստանն էլ պետք է անի ամեն ինչ՝ պատերազմ թույլ չտալու համար:

– Պարո՛ն Քեռյան, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Ադրբեջանը նախապատրաստում է հերթական ռազմական սադրանքը: Այս համատեքստում ու նաև այն, որ Լաչինի միջանցքը մինչ օրս փակ է, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Լաչինի միջանցքը կբացվի, եթե Հայաստանը տա «Զանգեզուրի միջանցք», եթե չտա՝ չի բացվի, ինչն էլ կբերի ծանր հետևանքներ Արցախի բնակչության համար: Տա Աստված, որ սխալվեմ, բայց իմ կանխատեսումը սա է:

– Անգամ եթե Հայաստանը գնա ձեր կանխատեսած սցենարով, երաշխիքներ կա՞ն, որ Ադրբեջանը կանգ կառնի, ավելին չի պահանջի:

– Ադրբեջանցիները ունեն հիմնական մի քանի պահանջ, որոնք էլի կլինեն: Պահանջներից մեկն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը երբեք չքննարկվի, և Արցախում չլինեն հայկական զինված ուժեր: Երկրորդ՝ սահմանազատում, սահմանագծում արվի Խորհրդային Ադրբեջան-Խորհրդային Հայաստան վերջին քարտեզներով, որոնք նախատեսում են ադրբեջանական նախկին յոթ անկլավի անցում Ադրբեջանին: Երրորդ՝ արտատարածքային միջանցք Զանգեզուրով: 

Այս պահանջներից Ադրբեջանը չի հրաժարվի, բայց այս պահին առաջնային է միջանցքի հարցը, դրա համար էլ Լաչինի միջանցքը փակվել է: Եթե Հայաստանը տա «Զանգեզուրի միջանցքը», Լաչինի միջանցքը բացվի, արդեն սկսվելու է դիվանագիտական պայքարը մյուս հարցերի շուրջ: 

Դիվանագիտությունը պետք է աշխատի այնպես, որ մի զիջման գնալով՝ չեզոքացնի մյուս զիջումների գնալու հնարավորությունները, այսինքն՝ եթե տրվում է «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքի դիմաց, ապա այդ պահին պետք է լուծվեն մյուս երեք հարցերը, եթե չլուծվեց միասնական պայմանագրով, ապա ձեր ասածն արդեն հավանական կլինի, ու ադրբեջանական ճնշումները շարունակական կլինեն, իսկ միջազգային իրավիճակն էլ չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի, որովհետև իրադարձությունները շատ արագ ու անակնկալ կերպով են զարգանում